Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին ներողություն է խնդրում հարեւան պետություններից` Սաակաշվիլիի փոխարեն


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը, Թբիլիսի, 4-ը մարտի, 2013թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը, Թբիլիսի, 4-ը մարտի, 2013թ.

Վրաստանի վարչապետի հավաստմամբ` նախագահը միջազգային ասպարեզում գործում է բացառապես անձնական նախաձեռնությամբ։

Բիձինա Իվանիշվիլին հայցում է Վրաստանի հարեւան պետությունների ներողամտությունը` Միխեիլ Սաակաշվիլիի վերջին շրջանի հայտարարությունների համար: Վրաստանի վարչապետի այս հայտարարությունը տարածվեց երկուշաբթի երեկոյան` Թբիլիսիում նախագահի հետ երկար սպասված հանդիպման ավարտին:

«Վրաստանի կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել եվրատլանտյան ինտեգրման եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Մենք ջանքեր ենք գործադրում նաեւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Մեր նպատակն է ամրապնդել կապերը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի Ուկրաինայի հետ, բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դրա հետ մեկտեղ, նախագահ Սաակաշվիլիի անպատասխանատու գործողություններն ու վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունները հակասում են Վրաստանի կառավարության որդեգրած քաղաքական կուրսին, հարվածում երկրի միջազգային վարկին եւ հավելյալ խնդիրներ ստեղծում նոր իշխանությունների համար», - ասված է վրացական կառավարության ղեկավարի հայտարարությունում։

Նախագահի հետ հանդիպման ընթացքում Իվանիշվիլին հատուկ զգուշացրել է Սաակաշվիլիին` զերծ մնալ նման հայտարարություններից:

«Դրանց հետեւանքով անհարմար դրության մեջ են հայտնվում մեր բարեկամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այդ իսկ պատճառով, ես պաշտոնապես հայտարարում եմ` մինչեւ 2013 թվականի հոկտեմբեր` մինչեւ նախագահական լիազորությունների ավարտը, Սաակաշվիլին միջազգային ասպարեզում գործում է բացառապես անձնական նախաձեռնությամբ, նրա այցերը չեն համաձայնեցվում արտաքին գործերի նախարարության հետ, եւ նախագահի հայտարարությունները արտահայտում են կառավարության տեսակետը միայն մի դեպքում` եթե դրանք պաշտոնապես հաստատվել են նոր իշխանությունների կողմից», - նշել է Իվանիշվիլին:

Հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ընթացքում Վրաստանի վարչապետը ներկայացրեց նախագահի` արտաքին քաղաքականությանը վերաբերող նման հայտարարությունների կոնկրետ օրինակներ: «Հիշեցնենք թեկուզ նրա հայտարարությունները անջատականության մասին, որ Սաակաշվիլին արեց Ադրբեջանից վերադառնալուն պես, կամ Թբիլիսի ժամանած ռուսական պատվիրակությանը հասցված վիրավորանքները», - ասաց Իվանիշվիլին։

Անցած շաբաթ` Բաքու կատարած այցից անմիջապես հետո Վրաստանի նախագահը հայտարարեց, որ Մոսկվայում ադրբեջանցի օլիգարխների ձեռքով ռուսական իշխանությունները ցանկանում են տապալել Իլհամ Ալիեւին, ինչպես նաեւ անջատական շարժում նախաձեռնել Վրաստանի` ադրբեջանցիներով բնակեցված տարածքներում: Սաակաշվիլին նաեւ կոնկրետ անուններ էր հնչեցրել` մասնավորապես, LUKOIL նավթային ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովինն ու Մոսկվայում շինարարական բիզնեսով զբաղվող` Պետանվտանգության կոմիտեի նախկին սպա Սայուն Սադիխովինը:

Ավելի վաղ Սաակաշվիլին Իվանիշվիլիին քննադատել էր նաեւ Երեւան կատարած պաշտոնական այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար:

Հիշեցնենք, հունվարի 17-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իվանիշվիլին խոստովանել էր, թե «բարի նախանձով է հետեւում Հայաստանի ձեռնարկած դիվանագիտական ջանքերին, որոնց շնորհիվ պաշտոնական Երեւանը կարողանում է համադրել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն ու Արեւմուտքի հետ ակտիվ գործակցությունը»: Սրան ի պատասխան` Սաակաշվիլին հայտարարել էր, թե Իվանիշվիլիի նպատակը «Վրաստանի արտաքին քաղաքականության հայաստանացումն է»:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի եւ Իվանիշվիլիի հանդիպման բուն արդյունքներին, ապա երկու կողմն էլ անկեղծորեն խոստավանում են` դրանք զրոյական են: Որեւէ հարցի շուրջ նրանք այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ` սահմանադրական փոփոխություններից մինչեւ արտաքին քաղաքական ասպարեզում համակարգված գործողություններ կառավարության եւ նախագահի աշխատակազմի միջեւ։

Հանդիպման ավարտին, սակայն, Վրաստանի նախագահը բավական լավատեսորեն էր տրամադրված: Միխեիլ Սաակաշվիլին հերքեց այն պնդումները, թե ինքն իր թիմակիցների հետ միասին ցանկանում է կաթվածահար անել կառավարության աշխատանքը:

«Նոր քաղաքներ, ենթակառույցներ, ոստիկանություն, բանակ: Կարող եք, իհարկե, ասել, որ այդ ամենը բլեֆ է եւ Սաակաշվիլիի PR-ն է: Բայց իրականում այդ ամենը գոյություն ունի, եւ ես այդ ամենը սիրում եմ սեփական զավակի պես: Մի՞թե ես կարող եմ այդ ամենի ֆոնին ցանկանալ, որ երկրում անկարգություններ սկսվեն, որ ինչ-որ լարվածություն լինի։ Ես պարզապես ցանկանում եմ, որ մեր հաջողությունները շարունակական լինեն», - հայտարարեց Սաակաշվիլին:

Իվանիվիլին, սակայն, նախագահի պաշտոնավարման տասնամյակի մասին իր կարծիքը այս հանդիպումից հետո էլ չի փոխել:

«Նախագահին ես հստակորեն ասել եմ` ձեզ չի հաջողվի մեզ կրկին ընկղմել վիրտուալ իրականության մեջ: Բա'րի եղեք` վերադարձեք իրական կյանք», - կոչ է արել Վրաստանի կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG