Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին լուրջ սպառնալիքներ է տեսնում Վրաստանի ու Ադրբեջանի համար


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիում, փետրվար, 2013թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Թբիլիսիում, փետրվար, 2013թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը սպառնալիքների առջեւ են կանգնած, Վրաստանի տարածքում ինքնավարություններ ստեղծելու սպառնալիք կա, եւ այս հարցում նա ասել է, թե Վահագն Չախալյանը չպետք է ազատ արձակվեր, իսկ Ադրբեջանում ծրագրվում է պայքար իշխանությունների դեմ:

Սաակաշվիլին խոսել է Թբիլիսիի օդանավակայանում` վերադառնալով Ադրբեջան կատարած պաշտոնական այցից:

Նա ասել է, թե Ռուսաստանը Ադրբեջանի համար պատրաստում է նույն սցենարը, ինչը կիրառեց Վրաստանի դեմ անցած հոկտեմբերին` խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ նրա` Ադրբեջանի դեմ եւս կօգտագործվեն ռուսական կապիտալով օլիգարխներր, շանտաժն ու այլ սադրանքներ:

«Ռուսաստանում ստեղծվել է [ադրբեջանական] սփյուռք, ինչ-որ փախստական Սադիկով, շատ հարուստ ռուսաստանյան գործարար, այնտեղ ներդրել են Ալեքպերովին ու եւս մի քանի միլիարդատերերի, որոնց նպատակն է նույն սցենարով, ինչը կիրառվեց Վրաստանում, պայքարել Ադրբեջանի նախագահի դեմ», - ասել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքերով` այդ փախստական Սադիկովը հայտարարել է, թե պայքարելու է Վրաստանում ադրբեջանական ինքնավարության համար:

Սոյուն Սադիկովը 2000 թվականից Ռուսաստանի ադրբեջանցիների միության՝ «Ազերո»-ի նախագահն էր, իսկ այս տարի դարձել է այդ միության պատվավոր նախագահը:

Սաակաշվիլին խոսել է նաեւ համաներմամբ ազատ արձակված Վահագն Չախալյանի մասին` քննադատելով նրան ազատ արձակելը, պնդելով, որ Չախալյանը ինքնավարություն է պահանջում Ջավախքի համար:

Վահագն Չախալյանը մի շարք հոդվածներով Վրաստանում դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, բայց այս տարվա հունվարին համաներմամբ ազատ է արձակվել:

«Ցանկանում եմ խնդրել մեր հանրությանը մտածել այդ մասին: Ինձ այդ բաները ծանոթ են դեռ 90-ական թվականներից: Ե՞րբ են վերջին անգամ խոսակցություններ եղել Ջավախեթիի ինքնավարության, Քվեմո-Քարթլիի ինքնավարության մասին: Վերջին ութ տարիների ընթացքում այդպիսի խոսակցություններ չեն եղել, բայց այսօր այդ թեման առաջացել է: Չախալյանին պետք չէր բաց թողնել, ու այս ամենի մասին խոսակցություններ հավանաբար չէին լինի», - ասել է Սաակաշվիլին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` Սաակաշվիլին հայտարարել է, թե պետք է հատուկ զգուշություն ցուցաբերվի, տարածաշրջանային կոորդինացում: Նա հայտնել է, որ պաշտոնական այցեր կկատարի հարեւան երկրներ, այդ թվում նաեւ Թուրքիա: Սաակաշվիլին ընդգծել է, որ ըստ երկրի Սահմանադրության` արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը, եւ ինքը շատ ակտիվորեն է իրականացնելու այդ գործառույթը` չնայած իր դեմ կարող են խոչընդոտներ ստեղծվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG