Մատչելիության հղումներ

Հայրիկյանը նախագահական ընտրությունների հետաձգման մասին «դեռ որոշում չունի»


Պարույր Հայրիկյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, 1-ը փետրվարի, 2013թ

Պարույր Հայրիկյանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, 1-ը փետրվարի, 2013թ

Երեկ իրականացված մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը առայժմ որոշում չի կայացրել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետաձգման վերաբերյալ:

Ընտրությունների հետաձգման հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` այս մասին ասաց ԱԻՄ-ի առաջնորդի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Դա որոշելու է Պարույր Հայրիկյանը` կապված իր առողջությունից», - մասնրամասնեց փաստաբանը՝ նշելով, որ ԱԻՄ առաջնորդը այս մասին դեռ որոշում չունի, -«Կարծում եմ՝ երկուշաբթի օրը ասուլիս կտան, ավելի մանրամասն կտեղեկացնեն»:

Նշենք, որ այսօր Պարույր Հայրիկյանը վիրահատվել է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ վիրահատությունը տեղի է ունեցել ժամը 10։30, գնդակը հեռացրել են աջ անրակային փոսի փափուկ հյուսվածքներից։ Վիրահատությունը անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, հիմա նա գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա։ Ցավեր չունի, գիտակցությունը նորմալ է։

Ըստ բժշկի, Հայրիկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ մի քանի օր կմնա վերահսկողության տակ, ապա կտեղափոխվի ընդհանուր բաժին։

Բժշկի խոսքով, նախագահի թեկնածուի ապաքինումը կտեւի «առնվազն յոթից տասն օր»։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Հայրիկյանը առաջիկա օրերին քարոզարշավ իրականացնելու հնարավորություն չի ունենա:

Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»։

Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հետաձգել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախատեսված նախընտրական հանդիպումը: Այսօր կեսօրին Սերժ Սարգսյանը այցելեց Պարույր Հայրիկյանին:

«Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ», - Հայրիկյանի հետ տեսակցելուց հետո դիմելով լրագրողներին՝ ասաց Հանրապետության նախագահը, - «Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:

Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Պարույր Հայրիկյանին տեսակցելուց եւ նրա հետ զրուցելուց հետո վարչապետը լրագրողներին փոխանցեց. - «Փառք Աստծո, վիրահատությունից հետո, [հակառակ] մեր սպասումներից, վերականգնման գործընթացը ավելի արագ է գնում, եւ դա մեզ ուրախացնում է։ Մենք վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կկանգնի»։

Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու առաջարկով հանդես գա, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե վերականգնման փուլը ինչպես է ընթանալու, «շատ բան կախված է հենց իրենից»։

Գոյություն ունեցող վարկածներին վերաբերող հարցին, մասնավորապես` թե որքանով է հնարավոր արտաքին ուժերի ներգրավվածությունը տեղի ունեցածում, վարչապետը արձագանքեց. - «Ոչ մի վարկած բացառելու իրավունք չունենք»։

Տիգրան Սարգսյանը ասաց, թե տեղյակ է, որ թեկնածուները քարոզարշավի հետ կապված իրենց ծրագրերը չեղյալ են հայտարարել։ «Կոնսուլտացիաներ պետք է տեղի ունենան, ամեն ինչ պետք է անել, որպեսզի բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծվեն, եւ նախընտրական փուլը չխաթարվի», - ընդգծեց վարչապետը։
XS
SM
MD
LG