Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սա հարված է ինձ, բոլորիս»


«Հոկտեմբեր, 27, Մարտի 1, հիմա` Պարույր Հայրիկյան, ով մեր պետության ակունքներում կանգնած է: Համարում եմ, որ սա հարված է ինձ վրա եւ մեզ բոլորիս վրա», - «Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերի հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երեկ երեկոյան նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ իրականացված մահափորձը, Հովհաննիսյանի խոսքով` իշխանությունը «եթե ուժ ունի, կբացահայտի»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը երկրի նախագահից, գլխավոր դատախազից, ոստիկանապետից, ԱԱԾ-ի պետից պահանջում է հարցի «ամբողջական բացահայտումը, հրապարակումն ու լուծումը»:

Նա ասաց, թե շարունակելու է քարոզարշավը` նշելով, սակայն, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կասեցնել այն` եթե Պարույր Հայրիկյանը կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական չափորոշիչներին համապատասխան որոշում կայացնեն:


«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու որպես թիրախ ընտրվեց հենց ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը, եւ արդյոք ինքը որեւէ վարկած ունի, «Ժառանգություն» կուսակցության նախագահը պատասխանեց, թե վարկած չունի, իսկ վարկած ունեցողները «սեփական PR-ով են զբաղվում». - «Ով ասում է, որ սա ուղղված է իշխանությունների դեմ, ինքը ճիշտ չի ասում: Որովհետեւ ես զգում եմ, որ հայ ժողովուրդը գնում է աննախադեպ քաղաքացիական, ազգային զարթոնքի ճանապարհով, եւ ով չի ուզում այդ քաղաքացիական, ազգային զարթոնքը, ինքը նաեւ կրակում է Պարույր Հայրիկյանի վրա: Եթե թող որեւէ մեկը սա իշխանության եւ ընդդիմության կռիվ չսարքի: Դա սխալ է: Եթե ունեն փաստեր, թող ասեն: Ամեն մեկս երբեմն սայթաքում ենք. դուք հարց եք տալիս, մարդ ենք, մեկ-մեկ սխալ բաներ ենք ասում: Միգուցե վարչապետը երեկ գիշեր նույնպե՞ս սխալ բան է ասել` առանց ուզենալու: Բայց եթե ինքը ասում է, որ դա իշխանությունների դեմ է, թող հիմքը ներկայացնի: Ես համաձայն չեմ: Դա Հայաստանի պետականության եւ քաղաքացու ազատ ընտրության դեմ է` անկախ թեկնածությունից»:

Թեկնածուն անդրադարձավ նաեւ իր նախընտրական ծրագրի դրույթներին` ընդգծելով ապահով բանակ ունենալու, բնությունը պահպանելու, փոքր ու միջին բիզնեսին պետական աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը:

«Նախագահի պահպանության ծախսերը կրճատենք, ատկատները վերացնենք, 5 տարի անց ունենանք նվազագույնը 180 հազար նոր աշխատատեղ: Մեկ տարվա ընթացքում կենսաթոշակների, կրթության ու գիտության, առողջապահության եւ պաշտպանության ծախսերի ֆինանսավորման 50 տոկոսի աճ: Ստվերը բերման ենթարկելով` մենք կունենանք այն նվազագույն զամբյուղը, որ մարդը կկարողանա անգամ մի փոքր գնաճի դեպքում ապահովել իր ընտանիքը», - ասաց նա:

Հովհաննիսյանն առանձին ուշադրություն հատկացրեց արտագաղթի խնդրին` ասելով, թե ներկա տեմպերով շարունակվելու դեպքում 5 տարի անց ոչ միայն ԱՄՆ-ում կունենանք 2 միլիոնանոց սփյուռք, այլեւ Ռուսաստանում, Եվրոպայում եւ Միջին Արեւելքում. - «Մեր պետությունը մրցունակ չի դառնա, եւ 5 տարի անց մենք պիտի ունենանք վերադարձի իրականություն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG