Մատչելիության հղումներ

Նախարար. Շատ սիրիահայեր Հայաստանում բիզնես կսկսեն ընտրություններից հետո


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո շատ սիրիահայեր կսկսեն սեփական գործը նախաձեռնել Հայաստանում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը ասաց, որ մինչ համեստ կարողությունների տեր սիրիահայերը սեփական գործն են բացում Հայաստանում, ավելի հարուստները սպասում են:

«Հաստատ համոզված եմ, որ ընտրություններից հետո տասնյակ սիրիրահայեր, մեծ գործարարներ կդնեն իրենց գործը եւ իրենց շուրջ կհամախմբեն նախ եւ առաջ սիրիահայերին», - ասաց Հակոբյանը:

Նախարարը բացատրում է, թե ինչու է սիրիահայերի գործ ձեռնարկելը կապում նախագահական ընտրությունների հետ. - «Էժանություն, թանկացում… այս բոլորը նշանակություն է ունենում ընտրական համակարգի վրա աշխարհում, ոչ միայն Հայաստանում: Միշտ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, եւ ես այն կարծիքին եմ, որ այս ընթացքը մտածելու, խորհելու ընթացք է իրենց համար: Յուրաքանչյուր ընտրություն ավելի ամրապնդում, առաջ է մղում երկիրը եւ իրենք, կարծում եմ, ընտրություններից անմիջապես հետո դնելու են իրենց գործը»:

Ամփոփելով նախարարության անցնող տարվա գործունեությունը` նախարարը առանձնացրեց սիրիահայերին, որոնց հոսքն այս տարի Հայաստան կտրուկ ավելացավ: Հակոբյանն անդրադարձավ անցած շաբաթ Հայաստանի նախագահի հետ սիրիահայ գործարարների հանդիպմանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել տարբեր գերատեսչությունների՝ աջակցել Հայաստանում սեփական գործ սկսող սիրիահայերին:

Հայաստանի կառավարությունը սիրիահայերի խնդիրների լուծման համար հաստատված համապարփակ ծրագիր չունի: Հակոբյանն ասում է, որ թեեւ նման ծրագրի բացակայությանը, անցած ամիսներին կառավարությունը կարողացել է ի մի բերել սիրիահայերի խնդիրներն ու մշակել դրանց լուծման ուղիները: Կառավարությունը իր մի շարք որոշումներով արտոնություններ է ընձեռել սիրիահայերին Հայաստանի մուտքի վիզա, վարորդական իրավունք ստանալու գործընթացներում, նրանց երեխաներին հնարավորություն է ընձեռել անվճար մանկապարտեզ, դպրոց ու բուհ հաճախել, անվճար բուժօգնություն ստանալ:
Սակայն որոշ սիրիահայեր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց դժգոհությունն են հայտնում՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունն ավելի շատ խոսում է, քան գործում:

Հալեպահայերից մեկն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում պատմում էր, թե ինչպես են իրենից որդուն դպրոց տեղավորելու համար մեկ բժշկական տեղեկանքի դիմաց 16 հազար դրամ վերցրել:

«Հրանուշ Հակոբյանը ասում էր, որ ամեն բան ձրի է: Ներողություն, երբ տղաս դպրոց պիտի գնար, գնացինք բժշկական թուղթ ուզեցին, փող ուզեցին, ասացի` մեզ համար ձրի է, ասաց` թող Հրանուշը տա ուրեմն: Ինձնից 16 հազար դրամ փող վերցրեցին այն դեպքում, երբ երեխան ոչ մի առողջական խնդիր չուներ», - պատմում է հալեպահայ տղամարդը, ում բողոքին են միանում նաեւ այլ սիրիահայեր` դժգոհելով Հայաստանի կառավարությունից:

Սիրիայի կառավարության ու ընդդիմության հակամարտության հետեւանքով այս տարի Հայաստան է եկել 7.000-ից ավելի սիրիահայ, որոնցից ավելի քան 1.000 հեռացել է այլ երկրներ: Այժմ Հայաստանում է բնակվում 6.000 սիրիահայ: Աշխատանքի համար սփյուռքի նախարարություն է դիմել 700 սիրիահայ: Աշխատանքով ապահովվել է դիմողների կեսը:
XS
SM
MD
LG