Մատչելիության հղումներ

Մշակված ու շուտով կառավարություն ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությամբ, ի թիվս այլնի, առաջարկվում է վերականգնել 2007 թվականին վերացված դեղերի մեծածախ իրացման գործունեության լիցենցավորումը:

Այսօր դեղորայքի որակը ներմուծման պահին վերահսկվում է, սակայն, ինչպես ասաց Առողջապահության նախարարության Դեղերի փորձաքննության կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը, այնուհետեւ օրենքը թույլ չի տալիս ստուգումներ իրականացնել` պարզելու, թե մեծածախ առեւտրով զբաղվողը ինչպես է պահում դեղը իր պահեստում:

«Ինչու հանվեց, ես չեմ կարող բացատրել, որովհետեւ ոչ մի երկրում այդպիսի նախադեպ չկա, որ դեղերի շղթայի մեջ ինչ-որ մի օղակը հեշտ հսկողության ենթարկվի, իսկ մյուսները` ավելի խիստ: Դեղերի արտադրությունը լիցենզավորման ենթակա է, դեղատնային գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Ստացվում է, որ այն օղակը, որը դեղը հասցնում է արտադրողից սպառողին, լիցենզավորման ենթակա չէ: Մինչդեռ եթե չհսկվի նաեւ այս շղթայում դեղերի իրացումը, ապա ոչ մի վստահություն չենք կարող ունենալ, որ արտադրողի որակյալ արտադրանքը հետո որակյալ հասնում է դեղատուն», - հավելեց Ղազարյանը:

Նրա խոսքով, իրենց օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն այն է, որ «շարքային սպառողը հանգիստ լինի». - «Ամեն անգամ դեղը ձեռք բերելիս չկասկածի` սա տեսնես կե՞ղծ է, որակյա՞լ է, թե՞ ոչ: Այսօր այդ խնդիրը ամբողջովին լուծված չէ, որովհետեւ եթե մենք այս բոլոր ստանդարտները չենք ներմուծել երկրում, եթե վստահ չենք, որ ստեղծումից մինչեւ իրացում` բոլոր օղակներում դա կատարվում է, ապա վստահ այդ մասին չենք կարող հայտարարել»:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը փոխանցեց, որ դեղորայքի որակի կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից:

«Շատ են դժգոհում որակից: Իհարկե, ես չեմ կարող ասել, որ դրանք բոլորն էլ հիմնավորված են, բայց մենք չունենք դեղորայքի վերահսկողության տեսչություն: Զավեշտ է: Պետք է կամ ապացուցել եւ պատժել, կամ հանգստացնել մարդկանց, որ սա թվացյալ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պողոսյանը` հավելելով, որ բողոքներ են ստանում նաեւ դեղորայքի բարձր գների կապակցությամբ:

Լիլիթ Ղազարյանն ասաց, նաեւ, որ իրենց նախագծում կա նաեւ դեղորայքի գների կարգավորմանը վերաբերող հոդված, որով նախատեսվում է սահմանել դեղերի վաճառքի վերին գնային սահման. - «Դա կարող է բերել դեղերի գների որոշակի կայունության: Ես չեմ կարող վստահ այսօր հայտարարել, որ կիջնեն, բայց գոնե կայուն կլինեն գները»:

Դեղերի ներմուծմամբ եւ մանրածախ իրացմամբ զբաղվող «Էսկուլապ» ընկերության տնօրեն Գագիկ Գրիգորյանը, մինչդեռ համոզված է, որ դեղերի գները կբարձրանան. - «Եթե ընդունվի դեղերի մասին օրենքը, այս չափանիշները միանշանակ նախատեսում են դեղորայքի թանկացում: Դեղերի մատակարարմամբ զբաղվող կազմակերպությունները պարտավոր են լիցենզավորման գործընթաց անցնել, դա որոշակի տուրքեր է: Եվ լիցենզիայի պայմանների համապատասխանության պայմանններ են առաջադրվում, ուստի պետք է որոշակի ներդրում անես»:

«Հավելյալ պայման չէ»,- հակադարձեց Լիլիթ Ղազարյանը: - «Եթե նա այսօր էլ մեծածախ գործունեություն է իրականացնում, ապա նա այդ պայմանը պիտի ապահովի: Եթե դեղի փաթեթի վրա գրված է, որ դեղը պետք է պահվի 2-8 աստիճանում, նա պետք է դա ապահովի… Եթե ինքը գները իջեցնում է այն պայմանով, որ չի պահում դեղը 2-8 աստիճանում, ապա պետք չէ այդ դեղը, որովհետեւ այն ուղղակի վտանգավոր է»:
XS
SM
MD
LG