Մատչելիության հղումներ

Հայաստանի դեղատներում «կեղծ դեղեր են հայտնաբերվել»


Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կեղծ դեղերի մասին իրենց ահազանգել է «Նիկոմեդ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:

Ընկերությունը վերջին երկու շաբաթներին պարզել է, որ Հայաստանի դեղատներում վաճառվում է մի արտադրանք, որի փաթեթի վրա նշված է «Նիկոմեդի» անվանումը։

«Նիկոմեդի» ներկայացուցիչները արագ պարզել եւ ահազանգել են կառավարությանը, որ շուկայում կան դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն, պարզ չէ այդ դեղերի մեջ ինչ է, պարզ չէ որտեղ են արտադրվել, պարզ չէ՝ որ երկրի համար։ Երեկվա տվյալներով դեռ վաճառվում են դեղատներում», - նշեց Զաքարյանը։

Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրենն ասում է, որ Հայաստանում հայտնաբերվել է անգամ Ադրբեջանի համար արտադրված դեղորայք:

«Հայաստանում հայտնաբերված է Стекловидное тело անունով դեղամիջոցը, որի ներդիրը ադրբեջաներեն է։ Դեղը, ի դեպ, արտադրված է Բելառուսիայում՝ Ադրբեջանի համար։ Դա նշանակում է՝ կամ Բելառուսիայից առնվել են Ադրբեջանի համար արտադրված դեղերը եւ բերվել Հայաստան, կամ Ադրբեջանից գնվել է եւ բերվել Հայաստան», - նշեց Սամվել Զաքարյանը։ - «Երկու դեպքն էլ մեզ անհանգստացնում է, մանավանդ որ այդ դեղերը գրանցված չեն, եւ փաստորեն երկու դեղն էլ՝ ե՛ւ «Նիկոմեդի» դեպքում, ե՛ւ Стекловидное тело դեղամիջոցի դեպքում, երկուսն էլ հայտնվել են Հայաստանում մաքսանենգ ճանապարհով»։

Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավարն ասում է, որ շուկայում կեղծ դեղորայքի մուտքին նպաստել է Հայաստանի կառավարության 2011 թվականի նոր որոշումը: Դրանով շուկան ազատականացվել է, ինչի արդյունքում թույլ է տրվել դեղորայք ներկրել ոչ միայն արտադրող, այլեւ ցանկացած երկրից: Այս պարագայում այլ երկրում արդեն գրանցված դեղորայքը Հայաստանում գրանցում չի ստանում, հետեւաբար եւ փորձաքննության չի ենթարկվում, ինչը կարող է նաեւ դյուրացնել կեղծիքների հնարավորությունը։

«Դիմել ենք վարչապետին եւ անվտանգության ծառայություններին, որպեսզի նախ՝ վաճառքից հանվեն այդ դեղերը, եւ երկրորդ՝ նորից անդրադառնանք այդ փոփոխություններին, որպեսզի վերանայվի եւ հետ բերվի օրենսդրական դաշտը այն խիստ ստանդարտներին, որը նախկինում գործում էր», - հավելեց Սամվել Զաքարյանը։

Առողջապահության նախարարությունում այս հարցի շուրջ այսօր նախարար Հարություն Քուշկյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվել։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քանի դեռ այդ դեղերը փորձաքննության չեն ենթարկվել, խոսել դրանց կեղծ լինելու մասին ճիշտ չէ։

«Իմանալով, որ դա հետաքրքրության կենտրոնում է լինելու, հրավիրել եմ «Նիկոմեդի» տնօրենին եւ ինքը լիարժեք համամիտ է, որ այդ դեղը հիմա անվանել կեղծ՝ հնարավոր չէ։ Փորձաքննություն պիտի անցնի, որ մենք հասկանանք, դա կե՞ղծ է, թե՞ ապօրինի շրջանառության դեղ», - նշեց փոխնախարարը։ - «Եղել է մի պահ, որ վաճառվել է։ Ընդամենը 7 դեղատնում է դա եղել։ Դրանցից ոչ մեկում հիմա այլեւս չի վաճառվում»։

Առողջապահության նախարարությունը խոստանում է առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ խնդրին՝ «երբ պարզ դառնան որոշակի հանգամանքներ»։

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG