Մատչելիության հղումներ

«Օգնիր եղբորդ» շարժման օգնությունը Սիրիա կհասնի առաջիկա շաբաթասկզբին


Հալեպ, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Հալեպ, 9-ը հոկտեմբերի, 2012թ.
Օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը, ամենայն հավանականությամբ, առաջիկա երկուշաբթի թռիչք կիրականացնի դեպի Հալեպ` հասցնելով «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շնորհիվ հավաքված օգնությունը:

Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սիրիայի օդային տարածք մտնելու համար այժմ սպասում են սիրիական իշխանությունների թույլտվությանը: Թույլտվություն ստանալու հարցում ընկերությունն օգտագործել է Հայաստանի դիվանագիտական խողովակները:

Սա առաջին օդային բեռնափոխադրումն է Սիրիա. վերջին տասը տարիներին Հայաստանից նման պահանջարկ չի եղել:

«Էյր Արմենիա»-ն իր ինքնաթիռով Սիրիա է հասցնելու վերջին երկու շաբաթներին Հայաստանում հավաքված նյութական օգնությունը: 30 տոննա սնունդը հավաքվել է սեպտեմբերին ստեղծված «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման նախաձեռնությամբ: 15 տոննան արդեն պահեստավորված է ինքնաթիռում:

Ավետիսյանն ասում է, որ բացի Սիրիայի իշխանությունների հետ բանակցելուց, բանակցում են եւս երկու` Թուրքիայի եւ Պարսկաստան - Իրաք ուղղություններով: Օդային ճանապարհով բեռը հասցնելու ամենակարճ ուղին Թուրքիայի տարածքով թռիչք իրականացնելն է: Թուրքական իշխանությունները համաձայն են` պայմանով, որ ինքնաթիռն իրենց տարածքում վայրէջք կատարի վերազննման նպատակով, որպեսզի, ինչպես պարզաբանեց Ավետիսյանը, վստահ լինեն, որ «հումանիտար բեռ է տեղափոխվում»:

Մյուս ուղղությունը Պարսկաստան - Իրաք օդային ճանապարհն է, որն ավելի երկար է ու, հետեւաբար, ծախսատար:

«Որ ուղղությամբ ի վերջո ստանանք թուլտվություն, այդ ուղղությամբ էլ ինքնաթիռը թռիչք կիրականացնի», - ասաց Ավետիսյանը` վստահեցնելով, որ բոլոր հարցերը կհստակեցվեն մինչեւ գալիք երկուշաբթի:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը, որը բացի սննդից, նաեւ դրամական օգնություն է ստացել անհատներից ու կազմակերպություններից, գրեթե 7 անգամ ավելի թանկ է վճարել ապահովագրության համար: Սովորաբար մեկ թռիչքի ապահովագրությունն արժե շուրջ 1500 դոլար: Այս պարագայում «Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը ապահովագրության համար վճարել է շուրջ 10.000 դոլար:

Ավետիսյանի փոխանցմամբ` իրենք հուլիս ամսին նամակ են ստացել օդային բեռնափոխադրումներն ապահովագրող միջազգային ընկերություններից, որոնք հայտնել են դեպի Սիրիա թռիչքների ապահովագրման դադարեցման մասին` այնտեղ տեղի ունեցող պատերազմական գործողությունների պատճառով: Եվ միայն բանակցություններից հետո են համաձայնել ապահովագրությունն իրականացնել` ավելի բարձր գնով:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը Սիրիա է ուղարկելու ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ:
XS
SM
MD
LG