Մատչելիության հղումներ

Հալեպի հայկական համայնքի շրջանում տնտեսական տագնապ է սկսվել: Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ թեեւ դեռ սով չկա, բայց ներկայիս վիճակը տանում է աղքատության:

Իրավիճակը հայաշատ այդ քաղաքում փոփոխվեց ամռան սկզբում, երբ Սիրիայի կառավարության ու ընդդիմության ուժերի միջեւ մարտերը տեղափոխվեցին Հալեպ: Մինչ այդ հալեպահայերն ապրում էին համեմատաբար խաղաղ կյանքով, եւ, ինչպես Ռեիսյանն է նկատում, իրենք «ուղղակիորեն այդ տագնապի պահը չէին ապրում, իսկ այդ քաղաքում սկսված բախումների հետեւանքով, արդեն հայտնվել են տնտեսական ծանր կացության մեջ»: Դրան նպաստում է նաեւ այն, որ երկրում ամիսներ շարունակ փակ են աշխատատեղերը, խանութները, դպրոցներն ու այլ հաստատություններ:

«Բազմաթիվ աշխատանքային շրջաններ փակ են: Երբ եկամուտ չկա և բարձր գներ են, այդ դեպքում շատերը տնտեսական դժվարության առաջ են կանգնում», - ասում է Ռեիսյանը:

Հայերին նյութապես աջակցելու ծրագիրը կոորդինացնում է Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմինը, որը ստեղծվել է անցած ամիսներին Հալեպում երեք կրոնական համայնքների` Հայ առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչների ջանքերով: Տարբեր կազմակերպությունների միջոցով Հալեպ ուղարկված դրամական օգնությունների միջոցով սնունդ է գնվել, ինչն էլ մինչ օրս բաշխվում է անապահով ընտանիքներին:

Սիրիահայերին աջակցելու համար Հայաստանում ստեղծված «Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը դեռեւս չի կարողանում հավաքված հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա, քանի որ հայաստանյան ապահովագրական ընկերությունները մի քանի անգամ թանկացրել են բեռները ապահովագրելու վճարները:

Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ հավաքված գումարներով իրենք փորձում են հնարավորինս աջակցել սննդի խնդիր ունեցող ընտանիքներին, ինչպես նաեւ ցուցաբերել օգնություն վնասված տների նորոգման եւ մարդկանց բուժման ծախսերը հոգալու հարցերում:

Սիրիահայ Րաֆֆի Մերջանյանը եւ նրա ընտանիքը շարունակում են մնալ Հալեպում եւ մյուսների հետ կրել պատերազմի դժվարությունները: Մերջանյանին պատկանող խանութը եւս չի գործում, սակայն նրանք առաջարկվող օգնությունից չեն օգտվել, քանի որ դեռեւս գոյատեւում են կուտակած գումարների հաշվին:

Մերջանյանը, սակայն, ասում է, որ շատերը սնունդ գնելու խնդիր ունեն, մարդիկ ժամերով հացի հերթ են կանգնում: Պատերազմի պատճառով Սիրիայում թանկացումներ են, կա սննդամթերքի սղություն: Հացը թանկացել է 2-3 անգամ, մսամթերքը` երկու անգամ: Մյուս սննդամթերքները եւս մի քանի անգամ թանկացել են: Սակայն, ըստ Մերջանյանի, ավելի մեծ խնդիր է անապահովության զգացումը, որն առկա է բոլորի մոտ:

Սիրիայի կառավարության ու ընդդիմության բախումների հետեւանքով անցած մեկուկես տարում զոհվել է երկու տասնյակից ավելի հայ, վնասվել են բազմաթիվ տներ, կրթօջախներ ու շինություններ:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, այսօր առավոտյան կրկին պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հայաշատ թաղամասերից մեկում` ռումբը պայթել է Սուրբ Աստվավածածին եկեղեցու ու դպրոցի մեջտեղում: Զոհեր չկան:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG