Մատչելիության հղումներ

Տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանի կարծիքով, հարկային ոլորտի հետ կապված Հայաստանի նախագահի երեկվա խորհրդակցությունը հիմք է տալիս կարծելու, որ այդ թվում խոշոր բիզնեսի ուղղությամբ Պետեկամուտների կոմիտեն առաջիկայում խստացնելու է իր վերաբերմունքը:

«Սա ուղղակի վարչարարության հետագա խստացման նախազգուշացում էր, որովհետեւ 2013 թվականի բյուջեն է հիմա քննարկվում, ու այդ բյուջեով 32 միլիարդ դրամի չափով նախատեսվում է լրացուցիչ հարկ հավաքել հենց վարչարարության ուժեղացման հաշվին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ավագյանը:

Նա հավելեց, թե պետական բյուջեի կատարմանը հատկապես կարեւոր նշանակություն է տրվում գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, քանի որ պետբյուջեի մուտքերի ապահովումը անհրաժեշտ չափով հնարավորություն կտա կատարել այն ծախսերը, որոնք առանձնացվել են, օրինակ, սոցիալական ոլորտի համար. - «Այստեղ խնդիրը բարձր եկամուտների ստացման անընդհատությունն ապահովելն է»:

Երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահը, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարները, ՊԵԿ-ի նախագահը եւ ոլորտին առնչվող բարձրաստիճան այլ անձինք, նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց, թե անխնա պատժելու է բոլոր այն պաշտոնայնաերին, ովքեր կմիջամտեն հարկային մարմիններին աշխատանքին:

«Ուզում եմ, որպեսզի երկու բան բոլորիս համար հստակ լինի: Մեկ՝ որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում: Երկրորդ՝ բոլորիս համար հստակ եւ շատ պարզ պետք է լինի՝ որքան Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու: Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են եւ դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում», - ասել է Սերժ Սարգսյանը` հանձնարարելով վարչապետին կառավարության նիստի ժամանակ «շատ հստակ հայտարարել» երկու հարցերի մասին. - «Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին եւ անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի:

«Օրակարգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկած հայտնեց, թե ՊԵԿ-ին կհաջողվի խստացնել իր մոտեցումները խոշոր բիզնեսի նկատմամբ. - «Ես չեմ հավատում, որ առաջիկայում լուրջ ինչ-որ գրոհներ Պետեկամուտների կոմիտեն կսկսի, որովհետեւ ինքը առաջին հերթին պետք է սկսի պայքարել ինքը իր պաշտոնյաների դեմ: Ես չեմ հավատում, որ նման քայլ կլինի»:

«Խնդիրը այն է, որ Հայաստանում բոլորն էլ գիտեն եւ մամուլում գրվում է, թե մեր Պետական եկամուտների կոմիտեի որ պաշտոնյան որ բիզնեսի հետ է փոխկապակցված կամ որ բիզնեսն է հովանավորում: Իսկ որ մեր ՊԵԿ-ի չինովնիկները եւ շարքային հարկահավաքները կսկսեն իրենք իրենց դեմ պայքարել, ես անկեղծ չեմ հավատում, որ նման բան կլինի», - եզրափակեց Չատինյանը:
XS
SM
MD
LG