Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման եւ հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված մի շարք հարցերի քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը, ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, նախագահի, ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ:

«Ուզում եմ, որպեսզի երկու բան բոլորիս համար հստակ լինի: Մեկ՝ որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում: Երկրորդ՝ բոլորիս համար հստակ եւ շատ պարզ պետք է լինի՝ որքան Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու: Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են եւ դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում», - ասել է Սերժ Սարգսյանը` հանձնարարելով վարչապետին կառավարության նիստի ժամանակ «շատ հստակ հայտարարել» երկու հարցերի մասին. - «Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին եւ անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի: Եվ երկրորդ՝ պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն»:

Նախագահն ասել է, որ ճիշտ կլինի, որպեսզի պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը մեկ, նաեւ կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ համատեղ հանձնաժողովի անկախության բարձրացման կարեւորության մասին, որպեսզի լավագույնս պաշտպանվեն հարկատուների իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG