Մատչելիության հղումներ

Բաքուն միջնորդներին մեղադրում է շահարկումների մեջ


Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը այսօր շահարկումների մեջ է մեղադրել թե՛ Հայաստանին եւ թե՛ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը լրագրողներին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններ «վաղուց արդեն չեն վարվում»։

«Տարածաշրջան համանախագահների պարբերական այցերը չեն կարող գործուն լինել։ Նրանք ամեն անգամ այցի ժամանակ տեղեկանում են հակամարտության կողմերի կարծիքներին, իսկ հետո ասում, որ կշարունակեն քննարկումները միջազգային կազմակերպությունների հետ։ Սակայն իրականությունը այն է, որ թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները շահարկումներով են զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով», - ասել է Ազիմովը։

Նա հայտնել է նաեւ, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։

«Գլխավորը հանդիպման նպատակն է, էությունը եւ ակնկալիքները դրանից։ Ադրբեջանը կգնա միայն այն քննարկումներին, որոնք կոնկրետ արդյունք կտան», - հայտարարել է Արազ Ազիմովը։

Օրեր առաջ նույն Ազիմովը հնարավոր էր համարել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG