Մատչելիության հղումներ

logo-print

Բաքուն նախատում է համանախագահներին


Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը այսօր քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` մարդասպան Ռամիլ Սաֆարովի հարցում նրանց դիրքորոշման համար։

«Ինչ-որ մեկին առիթ էր պետք, ահա եւ նրանք այն գտան «Ռամիլ Սաֆարովի հարցում»։ Կարծես մինչ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ինչ-որ տեղաշարժե՞ր կային։ Արդյոք հայերը մեզ հակամարտության կարգավորման որեւէ հույս տվե՞լ են», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողներին ասել է Ազիմովը։

«Հնարավոր է, համանախագահները չարաշահում են այդ իրադրությունը, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները շատ բացասական գնահատեցին «Ռամիլ Սաֆարովի հարցը»։ Համանախագահները իրենց հայտարարությունում ընդգծեցին, որ այդ հարցից հետո հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կբարդանա։ Սակայն ես ձեզ հայտարարում եմ` այդ գործընթացում մինչեւ «Ռամիլ Սաֆարովի հարցն» էլ չի եղել ոչ մի զարգացում, եւ հայերը մշտապես բացասական դիրքորոշում են ունեցել բանակցային գործընթացում։ Համանախագահներն էլ սոսկ ժամանակ են շահել` մեկնել են այնտեղ, ժամանել այստեղ, բայց, անկեղծ ասած, աչքի չեն ընկել լուրջ աշխատանքով», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Ազիմովը նաեւ հաստատել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նա նաեւ հնարավոր է համարել Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ` հավելելով, սակայն, թե «այդ տեղեկատվությունը դեռեւս հաստատում չի գտել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG