Մատչելիության հղումներ

Ազգային գրադարանի հիմնանորոգման չարաշահումների առթիվ քրեական գործ է հարուցվել


Քրեական գործ՝ Ազգային գրադարանի հիմնանորոգման չարաշահումների առթիվ
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը քրեական գործ է հարուցել Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների կապակցությամբ:

Գործը հարուցվել է գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի պատերը վերանորոգումից հետո սկսել են ճաքել, ծեփերը` թափվել, փայտյա անորակ պատուհանները ուռչել են եւ ձեւախեղվել, զուգարանները կիսաքանդ են, սենյակների դռները` հին ու ջարդված, հոսանքի լարերը` օդում կախված: Պետական բյուջեից 700 միլիոն դրամ (մոտ երկու միլիոն դոլար) ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում է հանձնվել:

2008-2011 թվականների ընթացքում Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ կատարված չարաշահումների մասին առաջինը բարձրաձայնեց Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց կառավարությանը պետական գնումների կազմակերպման գործընթացի վերաբերյալ, այն, թե ինչպես, օրինակ, պետական մարմինները ծանոթ-բարեկամներով տենդերներ են անցկացնում եւ պետության հաշվին շուկայական արժեքից թանկ գնումներ կատարում եւ գումարներ յուրացնում: Այս դեպքում էլ շինարարական կազմակերպությունը, որը ստանձնել էր գրադարանի վերանորոգումը, նույնպես հաղթող էր ճանաչվել մրցույթում, բայց որեւէ մեկը չի վերահսկել, թե այդ ընկերությունը պետական բյուջեի 700 միլիոն դրամը ինչպես է ծախսում:

«Չենք կարող մենք Ազգային գրադարանի համար 700 միլիոն դրամ հատկացնել, որպեսզի այդ գրադարանը նորմալ տեսք ունենա, հետո բանից պարզվի, որ տարրական բաներ այնտեղ հաշվի չեն առել», - ասել էր Սարգսյանը:

Նախագահի այս սուր քննադատությունից հետո արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում տեղի ունեցածը որակեց խայտառակություն:

«Ուղղակի խայտառակություն է, պետական բյուջեից 700 միլիոն դրամ ենք հատկացրել, աշխատանքները մինչեւ հիմա չեն ավարտված չեն, եւ պարզվում է, որ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի», - ասել էր վարչապետը:

Քաղաքաշինության նախարարը կառավարության նիստի ժամանակ զեկուցեց, որ նախագծային առաջադրանքով նախատեսվել է գրադարանի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, որոնք, սակայն, չեն իրականացվել: Չի ապահովվել ջեռուցում, օդափոխություն, կատարված աշխատանքների մի մասն էլ եղել է անորակ, եւ դրանց զգալի մասը կրկին պետք է իրականացվի:

Թե ինչո՞ւ ազգային գրադարանի վերանորոգման համար փոշիացած գումարների եւ չկատարված աշխատանքների մասին բարձրաձայնվեց հենց հիմա, դժվար է ասել: Սակայն 2011-ից Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Զարգարյանը ասում է, որ ինքը ահազանգել է այս խնդիրների մասին: Զարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, թե ինքը բազմիցս բարձրաձայնել է, անգամ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին է դիմել, սակայն իր բողոքները տեղ չեն հասել:

«Դե, մեր երկրում այդպես է, չգիտե՞ք, որ ամենաբարձր ատյանից հրահանգ չի գալիս, չենք սթափվում», - ասաց Զարգարյանը:

Ազգային գրադարանի տնօրենը ասում է, թե առկա թերությունները կարելի է վերացնել, բայց գլխավոր խնդիրը շենքի հիմքերը ամրացնելն է, որի չի արվել, ինչի արդյունքում ճաքեր են առաջացել:

«Եթե հիմքերի ամրացում լինի, ապա շենքը պարզապես չի շարժվի, չի ճոճվի: Եթե ճաք կա, ուրեմն հիմքերը լավը չեն, իրենք փչել են, հետո փչածը ճաք է տվել, փուչիկներ կան, ծեփը թափվում է: Միշտ ահազանգել ենք, միշտ ասել ենք, որ խնդիր կա շենքի հետ, էս տեսքով հնարավոր չէ մարդկանց ներս թողնել: Այդ գումարներով նույնիսկ դռները փոխված չեն, հիմնական մեծ դռները, որոնք պետք է ճոխ դռներ լինեին, փոխված չեն», - ասաց Զարգարյանը:

Հարցին, թե արդյոք շինարարությունը չի վերահսկվել, գրադարանի տնօրենը պատասխանեց. - «Քաղաքաշինության նախարարությունը հայտարարում է մրցույթ, շինարարները հաղթում են, եւ իրենք էլ ունեն վերահսկող կազմակերպությունը, որը վերահսկում է: Ես որքան գիտեմ` նախկին տնօրենն էլ է նամակներ գրել, որ վիճակը վատ է, ինչո՞ւ չեք արձագանքում: Այս տեսքով շենքը շահագործել չենք կարող: Կիսաքանդ վիճակում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG