Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդը ընդունեց Ալիեւին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվային լուսանկար

Ֆրանսահայերը, ինչպես եւ խոստացել էին, բողոքի ցույցով դիմավորեցին Ադրբեջանի նախագահին։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Ելիսեյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների նախագահները քննարկել են առանցքային նշանակության միջազգային հարցեր։ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել Հայաստանի հետ փոխադարձ վստահության մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ, որը կնպաստի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջող ընթացքին։

Ադրբեջանական պաշտոնական լրատվությունը երկու երկրների նախագահների հանդիպման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հատվածին անդրադառնում է ավելի հակիրճ, նշելով միայն, որ քննարկվել են բանակցային կարգավորման ներկա փուլը եւ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։

Ինչպես ֆրանսիական կողմի պաշտոնական աղբյուրն է նշում, Ֆրանսուա Օլանդը եւ Իլհամ Ալիեւը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը` առավել զարգացնելու երկու երկրների տնտեսական եւ մշակութային կապերը։

Ալիեւը Փարիզ էր մեկնել` մասնակցելու Լուվրում իսլամական արվեստի ցուցասրահի բացման արարողությանը, որին Օլանդը եւս ներկա է գտնվել։ Ծավալուն ելույթում Ֆրանսիայի նախագահը ի թիվս մի շարք մահմեդական երկրների առաջնորդների նշել է նաեւ Ալիեւի անունը` որպես այս ցուցասրահի ստեղծման հովանավոր, ու շնորհակալություն հայտնել մեծահոգության համար։

Մոտ 100 միլիոն եվրո արժեցած այս նախագծին Ադրբեջանի նախագահը նվիրաբերել է 1 միլիոն եվրո։

Ավելի քան 5 հազար ցուցանմուշներից կազմված ցուցադրությունը, Ֆրանսիայի նախագահի ձեւակերպմամբ, քաղաքակրթությունների երկխոսությանն է նպաստում։

Ֆրանսահայերը, ինչպես եւ խոստացել էին, բողոքի ցույցերով են դիմավորել Ադրբեջանի նախագահին՝ պնդելով, որ Ալիեւի այս այցը հատկապես անընդունելի է մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց եւ իր երկրում հերոսացնելուց ընդամենը օրեր անց։ «Այս պայմաններում ընդունել Ալիեւին` նշանակում է նպաստել նրա հակահայ քաղաքականությանը։ Ալիեւը, ով արհամարհում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունվի Ելիսեյան պալատում։ Ալիեւը, ում ռեժիմը գործադրել է հայկական մշակութային ժառանգության, հատկապես` Ջուլֆայի 4 հազար խաչքարերի ոչնչացումը, տեղ չունի Լուվրում», - հայտարարության մեջ նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

Ադրբեջանի նախագահի այցի առաջին օրը ֆրանսահայերը բողոքի միջոցառում են անցկացրել Մարսելի հայկական խաչքարի մոտ, իսկ երեկ բողոքի ցույցը տեղափոխվել է Փարիզ՝ Ադրբեջանի դեսպանատան առջեւ։

Ի պատասխան այս ակցիայի՝ տեղի ադրբեջանցիները եւ թուրքերը երեկ Հայաստանի դեսպանատան առջեւ են հավաքվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG