Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսահայ համայնքը բողոքի ակցիայով կդիմավորի Ալիեւին


Ֆրանսիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ելիսեյան պալատում, 9-ը դեկտեմբերի, 2009թ.

Ֆրանսիա - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ելիսեյան պալատում, 9-ը դեկտեմբերի, 2009թ.

Ֆրանսահայ համայնքը պատրաստվում է բողոքի հանրահավաքով դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ով Ֆրանսիա է ժամանում երկուշաբթի օրը` վաղը ներկա լինելու Լուվրի թանգարանում իսլամական արվեստին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Այցի շրջանակներում Ալիեւին ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Ադրբեջանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ ֆրանսիական գործարար շրջանակների հետ։ Նրա փարիզյան այցը կավարտվի մի երեկոյով, որի տեղը առայժմ հայտնի չէ։

Ալիեւի այս այցը հատկապես անընդունելի է հայ համայնքի համար այն բանից հետո, երբ նա իբրեւ հերոս ընդունեց հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնված մարդասպան` իր գործած ոճրի դաժանությամբ աչքի ընկած Ռամիլ Սաֆարովին։

«Ներման շնորհումը, որ արվել է Ադրբեջանի նախագահի կողմից այս ոճրագործին, բարբարոսության եւ հայատյացության պարզորոշ խրախուսանք է», - գրել է Ֆրանսիայի հայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը այդ առթիվ հրապարակած իր հատուկ հաղորդագրությունում` ընդգծելով, որ այդ իրադարձությունները շարունակությունն են «ադրբեջանական ռեժիմի ցեղասպանական տրամաբանության, որը զինվում է ավելի ու ավելի` Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջման նպատակով»։

«Այս պայմաններում ընդունել Ալիեւին` նշանակում է նպաստել նրա հակահայ քաղաքականությանը։ Ալիեւը, ով արհամարհում է միջազգային իրավունքը, չպետք է ընդունվի Ելիսեյան պալատում։ Ալիեւը, ում ռեժիմը գործադրել է հայկական մշակութային ժառանգության, հատկապես` Ջուլֆայի 4 հազար խաչքարերի ոչնչացումը, տեղ չունի Լուվրում», - ընդգծում է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

Խորհուրդը բոլոր դեմոկրատներին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում արտահայտել մարդու իրավունքների եւ միջազգային օրենքի ոտնահարման դեմ իրենց վրդովմունքը` մասնակցելով հանրահավաքին, որը տեղի կունենա երեքշաբթի օրը ժամը 18-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջեւ։

Իսկ այսօր Մարսելի հայությունը Իլհամ Ալիեւի այցի դեմ իր բողոքը կարտահայտի` համախմբվելով քաղաքի հայկական եկեղեցու խաչքարի առջեւ։ Ակցիային կմասնակցեն Ֆրանսիայի այս շրջանի մի շարք քաղաքական գործիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG