Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի հանձնակատար. «Ոճիրները պետք է դատապարտվեն եւ ոչ թե փառաբանվեն»


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերթ Քոլվիլը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` լուրջ մտահոգություն հայտնելով Ռամիլ Սաֆարովին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։

Ընդգծելով, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Սաֆարովի կողմից հստակորեն էթնիկ շարժառիթներ ուներ, Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակը շարունակում է. - «Մտահոգությունները կապված են այն փաստի հետ, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվեց Հունգարիայից Ադրբեջան, որտեղ իր պատժի մնացած մասը կրելու փոխարեն ներման արժանացավ նախագահի կողմից, հրապարակայնորեն գովաբանվեց եւ զինվորական ավելի բարձր կոչում ստացավ պաշտպանության նախարարության կողմից»։

Քոլվիլը շեշտում է, որ պետք է պահպանվեն լուրջ հանցանքների համար պատասխանատվության միջազգային չափանիշները։ «Էթնիկ շարժառիթներով ատելության հողի վրա կատարված այսպիսի լուրջ հանցագործությունները պետք է դատապարտվեն եւ պատշաճ կերպով պատժվեն, այլ ոչ թե հրապարակավ փառաբանվեն առաջնորդների եւ քաղաքական գործիչների կողմից», - ասված է հայտարարությունում։

ՄԱԿ-ի հանձնակատարի խոսնակը նաեւ համաձայնություն է հայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք մտահոգություն էին արտահայտել մարդասպանի ներման եւ հանցագործության փառաբանման փորձերի` ղարաբաղյան խաղաղ գործընթացի եւ կողմերի փոխադարձ վստահության վրա ունեցած ազդեցության կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG