Մատչելիության հղումներ

Եվրոպայի առաջնությունից` ոսկե եւ արծաթե մեդալներով


Եվրոպայի առաջնությունում հաջողության հասած հայաստանցի պատանի շախմատիստները, Պրահա, 25-ը օգոստոսի, 2012թ.
Եվրոպայի առաջնությունում հաջողության հասած հայաստանցի պատանի շախմատիստները, Պրահա, 25-ը օգոստոսի, 2012թ.
Երկուշաբթի երեկոյան մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալներով Պրահայից Երեւան կուղեւորվեն Հայաստանի կրտսեր շախմատիստները։

Ոսկե մեդալակիրը 12-ամյա Հայկ Մարտիրոսյանն է, ով Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության ավարտից մեկ օր առաջ արդեն նվաճել էր չեմպիոնի տիտղոսը։

Աննկարագրելի էին Հայկի ապրումները, երբ 46 երկրներից Պրահա ժամանած 1180 շախմատիստներ եւ նրանց մարզիչները ոտքի կանգնեցին պարգեւատրման արարողության ժամանակ` Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո։

12-ամյա չեմպիոնը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում պատասխանելով հարցին` վստահություն ունե՞ր արդյոք, որ հաղթելու է, ասաց. - «Միշտ ուզում եմ այնպես անել, որ հաղթեմ»։

14 տարեկան տղաների խմբում արծաթե մեդալ նվաճեց Մանուել Պետրոսյանը։ Մանուելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մտադրվել է հասնել իր գերագույն նպատակին` դառնալ աշխարհի չեմպիոն։

Արծաթե մեդալ ստացավ նաեւ 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը։

«Ես հույս ունեի առաջին տեղ գրավելու, մինչեւ վերջ էլ պայքարը գնում էր, վերջում իմ բախտը չբերեց` ես երկրորդ տեղը ընկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց 18-ամյա շախմատիստը։

«Բայց նաեւ այս մրցաշարը քեզ շատ կարեւոր բան տվեց` դու դարձար, փաստորեն, գրոսմայստեր», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Հովհաննեսը արձագանքեց. - «Հա, վարկանիշս բարձրացրեցի մինչեւ 2500 ու ստացա արդեն կոչումը` մի քանի օրից կհաստատեն»։

Մրցանակ ստացավ նաեւ 16-ամյա Տիգրան Հարությունյանը. նա իր տարիքային խմբի հինգ անվանակարգերից գրավեց չորրորդ տեղը։

Հայաստանի մանկապատանեկան թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արտաշես Մինասյանը գոհ է այս արդյունքներից։

«Ես արդյունքները բավականին լավ եմ համարում։ Իսկապես, սկզբից որ ինձ հարցնում էին, ես ասում էի, որ չորս մեդալ մենք պետք է նվաճենք, սա էլ բավականին լավ արդյունք է. եթե համեմատենք անցած տարվա արդյունքների հետ` մեկ արծաթ ավել ենք նվաճել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարզիչը։

Հայաստանի թիմի ցույց տված խաղի կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց նաեւ առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի վարպետ Անդրեյլ Ֆիլիպովիչը։

«Խաղացին լավ, որովհետեւ դուք ունեք տղամարդկանց գերազանց թիմ` Արոնյանը, Հակոբյանը, Մովսիսյանը համաշխարհային կարգի շախմատիստներ են։ Նրանք հաղթել են եւ պետք է ունենան հետնորդներ։ Մեկ ոսկե մեդալ եւ երկու արծաթ վաստակելը նվաճում է 46 երկրի 1180 մասնակիցների խաղի արդյունքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ֆիլիպովիչը` հույս հայտնելով, որ Հայաստանի կրտսեր շախմատիստները շատ կարճ ժամանակահատվածում կդառնան առաջատար մեծահասակ շախմատիստների արժանի մրցակիցները։

please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG