Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատ դեմոկրատներ»-ից հեռացածները մնալու են քաղաքականության մեջ


«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարները հայտարարում են ԱԺ ընտրություններին միասին մասնակցելու մասին: 9-ը ապրիլի, 2012թ.

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարները հայտարարում են ԱԺ ընտրություններին միասին մասնակցելու մասին: 9-ը ապրիլի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության արդեն նախկին 8 անդամները չեն հեռանում քաղաքական գործունեությունից:

«Մենք բոլորս քաղաքական գործիչներ ենք, որեւէ մեկը չի պատրաստվում քաղաքականությունից դուրս գալ: Պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը իրոք կդավանի ժողովրդավական արժեքներ, որի համար իրոք մարդու իրավունքները կլինեն բացարձակ արժեք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հայտարարության տակ ստորագրածներից կուսակցության վարչության հիմնադիր անդամ, Հայոց համազգային շարժման երիտթեւի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Նա չցանկացավ խոսել իրենց որոշման պատճառների մասին` ասելով. - «Մենք այդ ամբողջը նշել ենք հայտարարության մեջ, եւ եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործելաոճը իրոք համապատասխանում է անվանը, իրոք նրանք դեմոկրատական կուսակցություն են, ապա լավ կլինի, որ հենց իրենք էլ հրապարակեն այդ հայտարարությունը` ապացուցելով իրենց դեմոկրատական լինելը»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր արդեն նախկին կուսակիցների հեռանալու պատճառների մասին ասաց. - «Հիմնականը խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափն է. դժգոհություն է արտահայտվում առ այն, որ «Ազատ դեմոկրատներ»-ը, այնուամենայնիվ, միասնական ցուցակով հանդես եկան «Ժառանգության» հետ: Կուսակցությունը լքողների կարծիքով, պետք էր իրավահավասար դաշինքով գնալ: Սա հին թեմա է, ծեծված»:

Կարեն Կարապետյանը, մինչդեռ, ասաց, որ հայտարարության մեջ այլ պատճառներ էլ նշված են, բայց մանրամասնել չցանկացավ:

Իսկ հարցին, թե ինչու ավելի վաղ չէին լքել կուսակցությունը, Կարապետյանը պատասխանեց. - «Սպասում էինք, որպեսզի ամբողջովին հանդարտվեն հետընտրական պրոցեսները, որպեսզի որեւէ շահարկման տեղիք չտար մեր հայտարարությունը»:

Երեկ, հիշեցնենք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության 8 անդամներ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն էին փոխանցել կուսակցության վարչություն:

Հարցին, թե արդյոք այդ հայտարարությունն անակնկալ էր իր համար, Արզումանյանն արձագանքեց. - «Հաշվի առնելով, որ Արարատը [Զուրաբյան` ՀՀՇ վարչության նախկին նախագահ] եւ վարչության մի քանի այլ անդամներ, որոնք նույնպես լքել են կուսակցությունը, նախընտրական փուլից սկսած արդեն չէին գալիս կուսակցություն եւ որեւէ ակտիվ մասնակցություն կուսակցության մեջ չեն ցուցաբերել, ապա, հավանաբար, այս որոշումը հասունանում էր»:

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ ինքն էլ լքի կուսակցությունը, Արզումանյանը արձագանքեց. - «Ինչի՞ համար… Սա նորաստեղծ կուսակցություն է, նոր է ձեւավորվում, իր առջեւ դրված խնդիրները փաստորեն կարողանում է լուծել: Հազվագյուտ դեպքերից է, երբ նորաստեղծ կուսակցությունը կարողացել է անմիջապես ներկայացված լինել Ազգային ժողովում: Դա մեծ հաջողություն է: Այդ հաջողության վրա պետք է փորձենք կառուցել մեր ապագա գործունեությունը, կարողանանք հարթակ հանդիսանալ` քաղաքացիական սեկտորի պահանջները ներկայացնել Ազգային ժողովում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG