Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ի 8 անդամներ հայտարարում են կուսակցությունից դուրս գալու մասին


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարում: 16-ը մարտի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարում: 16-ը մարտի, 2012թ.

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ` այդ թվում վարչության հիմնադիր անդամներ, այսօր կուսակցությունից պաշտոնապես դուրս գալու մասին հայտարարություն են փոխանցել կուսակցության վարչությանը:

Կուսակցության վարչության հիմնադիր անդամ Գառնիկ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բացի իրենից կուսակցությունից հեռացածների թվում են Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը եւ կուսակցության վարչության հիմնադիր անդամներ Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը:

Ըստ Գառնիկ Գեւորգյանի, կուսակցությունից հեռանալու պատճառը նշված է վարչությանը փոխանցված հայտարարության մեջ:

Կուսակցության անդամներից նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց. - «Հիմնականը խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափն է. դժգոհություն է արտահայտվում առ այն, որ «Ազատ դեմոկրատներ»-ը, այնուամենայնիվ, միասնական ցուցակով հանդես եկան «Ժառանգության» հետ: Կուսակցությունը լքողների կարծիքով, պետք էր իրավահավասար դաշինքով գնալ: Սա հին թեմա է, ծեծված»:

Հարցին, թե արդյոք այդ հայտարարությունն անակնկալ էր իր համար, Արզումանյանն արձագանքեց. - «Հաշվի առնելով, որ Արարատը [Զուրաբյան` ՀՀՇ վարչության նախկին նախագահ] եւ վարչության մի քանի այլ անդամներ, որոնք նույնպես լքել են կուսակցությունը, նախընտրական փուլից սկսած արդեն չէին գալիս կուսակցություն եւ որեւէ ակտիվ մասնակցություն կուսակցության մեջ չեն ցուցաբերել, ապա, հավանաբար, այս որոշումը հասունանում էր»:

«Ազատ դեմոկրատներ»-ի արդեն նախկին անդամ, Հայոց համազգային շարժման երիտթեւի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ասաց, որ իրենց հայտարարությունում, բացի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափից, նշված են նաեւ այլ պատճառներ, որոնք, սակայն, նա չցանկացավ բարձրաձայնել. - «Եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործելաոճը իրոք համապատասխանում է անվանը, իրոք նրանք դեմոկրատական կուսակցություն են, ապա լավ կլինի, որ հենց իրենք էլ հրապարակեն այդ հայտարարությունը` ապացուցելով իրենց դեմոկրատական լինելը»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է 2011 թվականին: Կուսակցության ղեկավար կորիզը բաղկացած է հիմնականում նախկին ՀՀՇ ղեկավարներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG