Մատչելիության հղումներ

Կողմերի դիրքորոշումները մոտեցնելու համար համանախագահները «կներկայացնեն մի քանի գաղափարներ»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն
Հունիսի 18-ին Փարիզում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով մի քանի գաղափարներ, փորձելու են մոտեցնել երկու երկրների դիրքորշումները ղարաբաղյան բանակցություններում: Այսօր այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Գալիք երկուշաբթի Ֆրանսիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարավկովկասյան վերջին այցի ավարտին, երբ Բաքվում Քլինթոնը հայտարարեց, որ Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին կներկայացվի նոր մոտեցում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք շարունակել [ղարաբաղյան հարցի շուրջ] երկխոսությունը: Ուրախ ենք, որ երկու երկրների արտգործնախարարները ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են, եւ շատ ուրախ ենք, որ նրանք շարունակելու են բանակցել: Մենք ցանկանում ենք բոլոր կողմերին պահել բանակցությունների սեղանի շուրջ. այդ գործընթացը կարեւոր է: Եվ այդ ամենի իմաստն էլ բանակցությունները շարունակելն է` ղարաբաղյան խնդրում խաղաղ լուծումներ փնտրելու համար», - ասաց Ջոն Հեֆերնը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ի՞նչ նոր մոտեցումներ են ներկայացվելու Փարիզում, Ջոն Հեֆերնը պատասխանեց. - «Ես այդ հարցը կուղղեի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ես համանախագահ չեմ: Մենք միշտ փնտրում ենք [ղարաբաղյան հակամարտության կարգավորման] նոր գաղափարներ, որպեսզի խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ իր ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերները ներկայացնելու են հակամարտության կարգավորման մի քանի գաղափարներ` այդ խնդրում մոտեցնելու Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները»:

Հարավային Կովկաս ԱՄՆ-ի պետքարտուղարի այցելությունը, հիշեցնենք, ուղեկցվեց հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած արյունալի միջադեպերով, որոնց հետեւանքով ադրբեջանական կողմից զոհվեցին առնվազն 7 զինծառայողներ, իսկ հայկական կողմը տվեց չորս զոհ: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դատապարտելով տեղի ունեցածը` թե Երեւանում, թե Բաքվում հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ` մայիսի 11-14-ը տարածաշրջան էին այցելել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Այցի արդյունքում համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով իրենց մտահոգությունը հայտնելով շփման գծում արձանագրված միջադեպերի առնչությամբ, կողմերին կոչ արեցին «զսպվածություն հանդես բերել եւ զերծ մնալ պատասխան գործողություններից»:

Մի քանի օրից Փարիզում կայանալիք բանակցություններին անդրադառնալով` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրի` Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` կարեւոր է, որ բանակցություններ են տեղի ունենում` վերջին օրերին սահմանում գրանցված միջադեպերից հետո:

«Ասեմ, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը չկա որեւէ այլընտրանք: Մենք հույս ունենք, որ հակամարտության լուծման ճանապարհին առաջ կշարժվենք` [այս հունվարին] Սոչիում կայացած [Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների] հանդիպման տրամաբանության հիման վրա», - ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Ի դեպ, այսօր Անրի Ռենոյից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ:

«Ոչ մի հայտարարություն», - ասաց դեսպանը:

Հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե «Սիվիլիթաս»-ի գործի հարուցման ժամանակն է անհանգստացնող:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG