Մատչելիության հղումներ

«Սիվիլիթաս»-ի գործի հարուցման ժամանակն է «անհանգստացնող»


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, իրենք «հետաքրքրված են այս գործով եւ մեծ ուշադրությամբ հետեւում են դրան»։

«Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

«Սիվիլիթասը» շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, նաեւ` զանգվածային լրատվամիջոցների համար: Հետեւաբար մենք շատ հետաքրքրված ենք այս գործով եւ հետեւում ենք դրան մեծ ուշադրությամբ», - հավելեց դեսպանը, նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ «ի՞նչ փողեր են, ո՞ւր են գնացել եւ ով ում ինչ է արել»։

«Ես այժմ գնում եմ «Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ եւ տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը», - նշեց Ջոն Հեֆերնը` հավելելով, որ հիմնադրամում նախատեսված հանդիպման ընթացքում ավելի շատ կտեղեկանա այս գործից եւ գուցե ավելի ուշ կարողանա ավելին ասել:

ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս»-ի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։ Օսկանյանը որպես վկա արդեն 2 անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության:

Քրեական գործը, փաստորեն, հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ մեղադրանքներն «անհիմն» են եւ դրա ետեւում ակնհայտ «քաղաքական պատվեր» կա:

Դեսպան Հեֆերնի` «Սիվիլիթասի» ներկայացուցիչների հանդիպումից հետո հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց հետ այսօր հանդիպել են նաեւ Եվրամիության երկրների դեսպանները:

«Ես փոխանցեցի այն տեղեկությունները, որ մենք ունենք ընդհանուր հարցի մասին, եւ մեր տեսակետները: Շատ շնորհակալ ենք թե' իրենց ուշադրության համար, թե' իրենց հասկացողության համար», - ասաց Ղազարյանը` շարունակելով. - «Բացատրել ենք, որ ոչ մի ապօրինի գործ չի եղել, հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ, շարունակում է մնալ թափանցիկ: Բացատրեցինք թե' նվիրատվության մասին եւ թե' Սիվիլիթասի գործունեության մասին եւ փոխանցեցինք մեր մտավախությունները, որ Սիվիլիթասի գործունեւությունը հատկապես հիմա, որ մամուլի ոլորտում է` իբրեւ այլընտրական միջոց: Որ սա նաեւ այս ժամանակաշրջանում ճնշման միջոց է, եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք մեր իշխանություններին բացատրել, որ սա այն չէ, որ պետք է Հայաստանի կառավարությանը այս պահին»:

Վարդան Օսկանյանը հանիպմանը չի մասնակցել:

Հարցին, թե ներկայացվել է արդյոք անձամբ Օսկանյանի խնդիրը, Սալբի Ղազարյանը արձագանքեց. - «ԱԱԾ-ի հայտարարությունը, որ արդեն տեսել եք, այնքան խառնիճաղանջ հայտարարություն էր, որտեղ Օսկանյան եւ Սիվիլիթաս այնքան իրար խառնվել են, որ չի կարելի հարցի մեկ մասը ներկայացնել` առանց մյուս մասի: Իհարկե, քննարկում տեղի ունեցավ տարբեր ասպեկտների մասին` ներառյալ քաղաքականը, հատկապես Սիվիլիթասի առումով... Անկասկած քաղաքական պատվեր է այս»:

Իսկ հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում այդ պատվերը տվողը, հիմնադրամի տնօրենը պատասխանեց. - «Սիվիլիթասի եւ Սիվիլնեթի պահով, ինձ թվում է, որ ակնհայտ է: Այսինքն` կառավարելի լրատվամիջոց չենք, եւ դա կարող է պրոբլեմ հանդիսանալ իշխանությունների համար: Ես ասում եմ, որ սա քաղաքական է եւ սա վնաս է կբերի թե' Սիվիլիթասին, Սիվիլնեթին եւ թե', իհարկե, Օսկանյանին»:

Ի դեպ, փողերի լվացման այս գործը նոր ընթացք է ստանում. մինչ Վարդան Օսկանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, Ազգային անվտանգության ծառայությունը գործի շրջանակներում նոր վկաների է հրավիրում հարցաքննության: Մասնավորապես, վաղը որպես վկա հարցաքննության է կանչվել «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը:

Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց, որ հարցաքննությանը ներկայանալու է փաստաբանի ուղեկցությամբ:

XS
SM
MD
LG