Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյան. «ԶՈւ համալրման հետ կապված խնդիրներ չկան»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարարության ղեկավար կազմի եւ Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ երեկ այցելել է պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքակայան` 2012 թվականի գարնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հավաքակայանում Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորակոչիկների բուժզննման գործընթացին, զրուցել է զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել է նրանց հուզող հարցերին:

Նախարարը նշել է, որ զորակոչն ամենայն ուշադրությամբ վերահսկվում է` նախկինում ի հայտ բերված թերացումները չեզոքացնելու, զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաեւ ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար:

Կարեւորելով արդարության եւ օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացը, Օհանյանը հավելել է, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար` հաշվի առնելով զորակոչվողների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական ու կրթական ունակությունները:

«Զորակոչի անցկացման գործընթացում տարեցտարի մենք ունենում ենք շոշափելի արդյունքներ: Զորակոչի աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով», - ասել է Սեյրան Օհանյանը եւ հավելել, որ Հայաստանի Զինված ուժերի համալրման հետ կապված խնդիրներ չկան, Զինված ուժերի ստորաբաժանումների համալրումը ժամկետային զինծառայողներով իրականացվում է ըստ պլանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG