Մատչելիության հղումներ

logo-print

Զուրաբյանը չի բացառում «Երեւանի ավագանու աշխատանքներին Կոնգրեսի մասնակցությունը»


Երեւանի ավագանու աշխատանքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցով Հայ ազգային կոնգրեսում կայացված որեւէ որոշում չկա։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ ստեղծված նոր իրավիճակում Կոնգրեսը կարող է մասնակցել ավագանու աշխատանքներին: Ընդգծելով, որ այդ մասին կայացված որեւէ որոշում դաշինքում չկա, Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ Կոնգրեսի խորհրդարանական գործունեությանը զուգահեռ նաեւ ավագանու կազմում աշխատելու գաղափարը «քննարկման արժանի է»:

Երեւանի ավագանու 2009 թվականի մայիսի 31-ի ընտրություններում 3 քաղաքական ուժեր ընտրվեցին ավագանու կազմում։ Ի տարբերություն այն ժամանակ կոալիցիոն գործընկերներ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, որոնք վերցրեցին իրենց 35 եւ 17 մանդատներն ու մտան ավագանի, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտեց եւ հրաժարվեց իր ստացած 13 մանդատից՝ հայտարարելով ընտրությունների արդյունքը չընդունելու եւ դրանց օրինականությունը վիճարկելու մասին: Սակայն վերջերս, երբ ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակի անցողիկ 13 տեղերում գտնվող անձանցից 5-ը՝ Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանն ու «Ժառանգության» ցուցակում ներառված Խաչատուր Քոքոբելյանը ընտրվեցին Ազգային ժողովի պատգամավորներ, պարզվեց, որ նրանք, ինչպես նաեւ ցուցակի մյուս 8 հոգին դեռ շարունակում են մնալ ավագանու անդամներ, որովհետեւ չնայած ընդդիմության բանավոր քաղաքական հայտարարություններին, ցուցակից որեւէ մեկը ինքնաբացարկի պաշտոնական դիմում 2009-ից ի վեր չէր ներկայացրել: Բայց հաշվի առնելով պատգամավորների համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու սահմանադրական արգելքը, Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանն ու նաեւ Խաչատուր Քոքոբելյանը օրերս ավագանու անդամությունից ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին: Նրանց փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա պետք է ավագանու մանդատներ առաջարկի ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող մյուս հինգ հոգուն, եթե նրանք էլ հրաժարվեն՝ հաջորդներին եւ այդպես շարունակ:

ՀԱԿ համակարգողը չբացառեց, որ թարմացված ցուցակով ավագանու կազմում աշխատելու հնարավորությունը Կոնգրեսը կարող է օգտագործել խորհրդարանական ամբիոնին զուգահեռ։

«Տեսականորեն կարելի է դիտարկել գաղափարը, որ մեր երիտասարդները, որ կան այդ ցուցակում, ստանձնեն մանդատներ Երեւանի ավագանու, որովհետեւ դա հնարավորություն կտա վերահսկել այնտեղի գործընթացները, ինֆորմացիա ստանալ կոռուպցիոն երեւույթների մասին», - մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը, - «Եվ այդ ամենը առավել եւս իմաստ ունի, որ այնտեղ հայտնաբերված փաստերի վերաբերյալ արդեն մենք կարող ենք հնչեցնել Ազգային ժողովում։ Ինքը՝ գաղափարը, իմ կարծիքով, արժանի է քննարկման։ Բայց դրա մասին, բնականաբար, մենք որեւէ որոշում չունենք։ Ընդհանրապես, կեղծված ընտրություններով կառավարվող երկրի պայմաններում ամեն քայլ պետք է դիտարկվի այն տեսակետից, թե ինչ օգուտ է դա տալիս քաղաքական պայքարին»։

Նախկինում ՀԱԿ-ը բոյկոտել է Երեւանի ավագանու աշխատանքը, որովհետու դա այն ամբիոնը չէր, որ հնարավոր լիներ օգտագործել քաղաքական պայքարի համար, բայց ՀԱԿ-ի խորհրդարան անցնելով, նոր իրավիճակ է ստեղծվել՝ մանրամասնեց Լեւոն Զուրաբյանը: Հարցին, թե ՀԱԿ-ը ե՞րբ կքննարկի մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, Զուրաբյանը պատասխանեց, թե շտապելու խնդիր չունեն։

Նշենք, որ ավագանու անդամակցությունից ՀԱԿ-ի 4 պատգամավորների եւ Խաչատուր Քոքոբելյանի ինքնաբացարկներից հետո Կոնգրեսի ավագանու ցուցակի անցողիկ հաջորդ 13 անդամներից առնվազն 6-ը այլեւս ՀԱԿ անդամ չեն. երկուսը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն են անդամակցում, իսկ 4-ը՝ Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը, Արտակ Զեյնալյանը եւ Սուրեն Աբրահամյանը, Կոնգրեսից վերջերս հեռացած Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչներ են:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մի պարագայում իրենք չեն վերցնի մանդատները եւ չեն մասնակցի ավագանու նիստերին, քանի 2009-ին նաեւ իրենց մասնակցությամբ կայացված որոշումը վերանայելու որեւէ անհրաժեշտություն չեն տեսնում։

«Մեր բոյկոտը շարունակելու ենք», - վստահեցրեց Զեյնալյանը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ չի վերցնի մանդատը:

XS
SM
MD
LG