Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պահանջում է Երեւանի ավագանու անդամությունից հրաժարվելու դիմումներ գրել Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված այն անձանցից, ովքեր 2009 թվականի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակի անցողիկ 13 տեղերում են եղել:

Խոսքը Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի մասին է: Պահանջը նաեւ ՀԱԿ-ից հեռացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին է վերաբերվում, ով «Ժառանգության» ցուցակով ընտրվեց պատգամավոր:

Հիշեցնենք` 2009-ին ՀԱԿ-ը, հայտարարելով Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունների արդյունքը չընդունելու եւ դրանց օրինականությունը վիճարկելու մասին, հրաժարվեց 13 մանդատներից: Սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ինքնաբացարկի գրավոր դիմումներ ոչ դաշինքից, ոչ թեկնածուներից այդպես էլ չեն ստացվել, ուստի ԿԸՀ-ի 2009-ի որոշմամբ նրանք դեռեւս Երեւանի ավագանու անդամ են: Բայց քանի որ նրանք հիմա ընտրվել են պատգամավոր, իսկ Սահմանադրության 65-րդ հոդվածն արգելում է պատգամավորներին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնել, ապա ԿԸՀ-ն ՀԱԿ-ին եւ Խաչատուր Քոքոբելյանին այդ մասին զգուշացրել է:

«Մասնավորապես, իրենց լիազոր ներկայացուցչին ենք տեղյակ պահել, որ կա այսպիսի խնդիր, որ պատգամավորի գործունեության հետ անհամատեղելի պաշտոն է Երեւանի ավագանու պաշտոնը եւ հորդորել ենք, որպեսզի դիմում ներկայացնեն Երեւանի քաղաքապետին, որ հրաժարվեն իրենց պաշտոնից», - ասաց Սմբատյանը:

Հարցին` եթե դիմումներ չներկայացնեն, ուրեմն նրանց պատգամավորական գործունեությունը հակասահմանադրակա՞ն է, Սմբատյանը պատասխանեց. - «Մենք այդպիսի սցենար չենք էլ նախատեսել, որ կարող է իրենք չհրաժարվեն Երեւանի ավագանու անդամ լինելուց: Ինչո՞ւ պետք է չներկայացնեն, ի՞նչ խնդիր կա»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ից տեղեկացանք, որ իրավաբանների հետ քննարկում են իրենց հետագա անելիքները եւ ավագանու անդամությունից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել կամ չներկայացնելու վերաբերյալ որոշման մասին կհայտարարեն առաջիկայում: ՀԱԿ-ը ստեղծված իրավիճակը համարում է Երեւանի ավագանու «անգործության» հետեւանք` վկայակոչելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, ըստ որի մեկ նստաշրջանում նիստերի կեսից ավելիից անհարգելի բացակայելու դեպքում ավագանին պետք է անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացնի: Մինչդեռ ինչպես տեղեկացրեց ՀԱԿ-ի պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ոչ ՀԱԿ-ը, ոչ ԿԸՀ-ն տեղյակ չեն ՀԱԿ-ի 13 անդամների վերաբերյալ Երեւանի ավագանու կայացրած նման որոշման մասին:

«Դա մեծ հաշվով Երեւան քաղաքի ղեկավար մարմնի` ավագանու խնդիրն է», - ասաց Խաչատրյանը:

Երեւանի քաղաքապետարանն առայժմ չի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, թե ավագանին այս 13 անձանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որեւէ որոշում կայացրե՞լ է, թե` ոչ, եւ եթե չի կայացրել` ապա ինչո՞ւ:

Ինչ վերաբերում է հետագա գործընթացներին, ապա համամասնական ցուցակներով պատգամավոր ընտրված անձանց ինքնաբացարկի կամ ավագանու լիազորությունները դադարեցնելու պարագայում, ՀԱԿ-ի այդ 4 անձանց եւ Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ավագանու մանդատները պետք է առաջարկվեն ՀԱԿ ավագանու ցուցակի 13-րդ հորիզոնականից հետո գտնվող հաջորդ հինգ հոգուն: Նրանցից երեքը ՀԱԿ-ի շարքերը օրերս լքած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ են` Լյովա Եղիազարյանը, Նորիկ Եղիազարյանը եւ Արտակ Զեյնալյանը, որոնց հաջորդում են ՀԱԿ-ի անդամներ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանն ու Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կհամաձայնեն վերցնել ավագանու մանդատները, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ նման որեւէ քննարկում կուսակցությունում դեռ չի եղել: Բայց կուսակցության ներկայացուցիչներն առանձին- առանձին փոխանցեցին, որ կհրաժարվեն ընդգրկվել ավագանու կազմում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի անդամ Ռուբեն Թորոսյանին, ապա նա մայիսի 11-ին է դիմել ԿԸՀ` պահանջելով իրեն տալ իր մանդատը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թորոսյանը փոխանցեց, որ եթե ժամանակին ընդդիմադիր ՀԱԿ-ը բոյկոտի քաղաքական որոշում էր կայացրել, ապա այսօր, խորհրդարանական 7 մանդատները վերցնելով, այդ որոշումը կորցնում է ուժը, ուստի ինքն էլ ցանկանում է ավագանու ամբիոնն օգտագործել:

Առայժմ, բացի Ռուբեն Թորոսյանից, ցուցակում որեւէ մեկը ավագանու մանդատը վերցնելու ցանկություն չի հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG