Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը եւ Վրաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Սուրբ Նշան եկեղեցու հարցը


Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվել է եկեղեցու շուտափույթ վերանորոգման եւ ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում նաեւ` նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Հայաստանի դեսպանը եւ Վրաստանի փոխարտգործնախարարը քննարկել են նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

Նույն օրը Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կալանավայրերում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր եւ ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված Հայաստանի քաղաքացիների` առաջիկայում ներման եւ ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG