Մատչելիության հղումներ

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին կրկին փլուզվել է


Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին հունվարին տեղի ունեցած հրդեհից հետո

Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին հունվարին տեղի ունեցած հրդեհից հետո

Թբիլիսիի կենտրոնում գտնվող, 18-րդ դարում կառուցված Սուրբ Նշան եկեղեցին այս գիշեր կրկին փլուզվել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, փլուզվել է եկեղեցու զանգակատունը, ամենայն հավանականությամբ՝ անցած շաբաթավերջին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի, ապա դրան հաջորդած տեղատարափ անձրեւի հետեւանքով։

«Վնասները լուրջ եւ ցավալի են մեզ համար», - ասում է Վիրահայոց թեմի առաջնորդը եւ մանրամասնում. - «Զանգակատունը մշակութային մեծ արժեք էր ներկայացնում մեզ համար, քանի որ դրա կամարների տակ պահպանվել էին Հովնաթանյանների որմնանկարները, իսկ զանգակատան տակ` այնտեղ ծառայած հոգեւորականների եւ որոշ գործիչների գերեզմանաքարեր էին պահպանված»։

Եպիսկոպոս Միրզախանյանի խոսքով, զանգակատան փլուզման արդյունքում տուժել են նաեւ Սուրբ Նշանի հարեւանությամբ գտնվող տները: Զոհեր կամ վիրավորներ չկան։

Հիշեցնենք` այս տարվա հունվարին փլուզվել էր նույն եկեղեցու հյուսիս-արեւելյան հատվածը, այս անգամ` հրդեհի հետեւանքով։ Վրաստանի իշխանությունները խոստացել էին շտապ կարգով նորոգել տաճարը: Սակայն եպիսկոպոսի խոսքով, մինչ օրս իրականացված աշխատանքները զուտ ժամանակավոր բնույթ են կրել։

«Մենք հայտնվել ենք անհասկանալի իրավիճակում, փակուղում: Ոչ մեր ձեռքում է, որ մենք նորոգենք, ոչ էլ իրենք են կտրուկ եւ արագ գործողություններ կատարում», - ասաց եպիսկոպոս Միրզախանյանը:

Վրաց պատրիարքարանը Սուրբ Նշանի, ինչպես նաեւ Վրաստանի տարածքում գտնվող չորս այլ հայկական եկեղեցիների դիմաց պահանջում է Հայաստանի հյուսիսում գտնվող քաղկեդոնական վանքերն ու տաճարները։ Ամենայն Հայոց կաթողիկոսի` անցած տարի Վրաստան կատարած պատմական այցի ընթացքում վրաց հոգեւոր առաջնորդ Իլյա երկրորդը բացահայտ հայտարարել էր, թե եկեղեցիները նորոգելու պարտավորությունը պետք է երկկողմանի լինի, եւ եթե Վրաստանը վերականգնում է հայկական եկեղեցիները, Հայաստանն էլ պետք է վրացական եկեղեցիները վերանորոգի ու խնամի։

«Նրանք պահանջում են, որ Քոբայրը, Տիրանցի եկեղեցին եւ մյուսները վերադարձվեն, սա է նրանց առաջարկը», - ասում է Վազգեն Միրզախանյանը։

Նշենք, սակայն, որ առաջարկը հայկական կողմը, ըստ էության, մերժել է: Մայր Աթոռը, մասնավորապես, պահանջել է հիմնավորումներ ներկայացնել` այդ եկեղեցիների վրացական լինելու վերաբերյալ: Բանակցություններն այստեղ փակուղի են մտել։

Այժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Վիրահայոց թեմը կրկին դիմել է երկրի միայն աշխարհիկ իշխանություններին։

«Մենք այսօր նամակ ենք ուղղել Վրաստանի նախագահին` խնդրելով, որ արագ ձեռք առնեն եւ պահպանության հարցերը, եւ վերադարձնեն հայկական կողմին, եւ մենք անձամբ՝ Մայր Աթոռի հովանավորությամբ, վերականգնենք։ Առայժմ սպասում ենք պատասխանի», - ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG