Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը ուրբաթ օրը Քաղաքագետների միությունում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վերահաստատեց` ինքը «կտրականապես դեմ է», որ ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կրկին կոալիցիա կազմի:

Լրագրողների այն դիտարկմանը, որ եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն նույնպես համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը վերընտրվել է համատարած խախտումների արդյունքում (այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն), այս պարագայում արդյո՞ք իրատեսական է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան, Օսկանյանն ասաց, թե ԲՀԿ-ում այս հարցի հետ կապված տարբեր կարծիքներ կան, եւ դեռեւս վերջնական որոշում չի կայացվել:

«Ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Ես ինքս անձամբ պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ ամբողջ ընտրարշավի ընթացքում եւ շարունակելու եմ պայքարել: Համենայնդեպս, ես ինքս` Վարդան Օսկանյանս, երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների, պատասխանատվության տակ չեմ դնի», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, ապա ինքը դուրս կգա ԲՀԿ-ից, Օսկանյանը պատասխանեց. - «Այդ եզրակացությունները ինքներդ պետք է անեք»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ ի՞նչ կարծիք ունի անձամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Օսկանյանը ասաց. - «Ինքը այս պահին ուղղակի լսում է տարբեր կարծիքներ: Իմ տպավորությունը դա է»:

Օսկանյանը նաեւ ասաց` որքանով ինքը տեղյակ է, ԲՀԿ-ին ՀՀԿ-ի կողմից կոալիցիայի անդամ դառնալու պաշտոնական առաջարկ տակավին չի արվել:

ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանի կարծիքով, եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա, ապա դրանից կշահի ժողովուրդը, երկիրը: Ըստ նրա` քաղաքական մենաշնորհը Հայաստանում պետք է վերացնել, քանի որ դա ամեն ինչի չարիքն է: Օսկանյանի համոզմամբ` եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, ապա հնարավոր չի լինի պայքարել քաղաքական մենաշնորհի դեմ:

Նշենք, որ որոշ վերլուծությունների համաձայն, Օսկանյանի քաղաքական ակտիվությունն ու գործող իշխանության հասցեին հնչեցված սուր քննադատությունները պայմանավորված են նրա նախագահ դառնալու հավակնություններով: Ուշագրավ է, որ Today’s Zaman-ը գրել էր, թե Օսկանյանը թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ինքը չի առաջադրվի: Մինչդեռ այսօր նա նշեց, թե ինքը նման բան չի ասել, իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին դեռ չի մտածել:

«Վաղ է այդ հարցի մասին մտածել: Որոշները այս պատասխանը մեկնաբանում են որպես չեմ բացառում, որոշները մեկնաբանում են` բացառում եմ: Թուրքերը, կարծեք թե,մեկնաբանել էին, որ բացառում եմ: Բայց դա իրենց մեկնաբանությունն է: Ես ասում եմ նախագահական ընտրությունների մասին դեռեւս վաղ է մտածել, ես դեռեւս այդ մասին չեմ մտածել», - ասաց Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG