Մատչելիության հղումներ

Քաղաքական երեք ուժերի միասնական շտաբը` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ընդգծելով, որ մայիսի 6-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները անցան «համատարած խախտումներով»:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվեարկության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ անարժանահավատ են նաեւ ընտրությունների ընթացքում օգտագործված ընտրացուցակը եւ ընտրություններին մասնակցած ընտրողների պաշտոնապես հրապարակված թիվը», - ասված է երեք քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ:

Միասնական շտաբը արձանագրում է, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը «չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»:

Միասնական շտաբում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, խոսելով համատարած խախտումների մասին, դրանք բաժանեց երեք խմբի. - «Մեկը ուռճացված ցուցակներն են. երեւի թե ոչ ոք չի կասկածում, որ այդ ցուցակները մի քանի հարյուր հազարով ուռճացված են: Երկրորդը` ցնդող կնիքները, եւ երրորդը` առավոտյան շուտ աննախադեպ, զանգվածային քվեարկությունը», - թվարկեց նա:

Նախկին արտգործնախարարի փոխանցմամբ` երբ իրենք խոսում էին ուռճացված ցուցակների մասին, իրենց հարցնում էին, թե ինչպե՞ս է մի անձը մի քանի անգամ քվեարկելու, չէ՞ որ անձնագրերը կնքվելու են:

«Դրա պատասխանը մենք ստացանք մայիսի 6-ի առավոտյան, մինչեւ ժամը տասը, երբ ցնդեցին կնիքները, դրա հետ ցնդեց նաեւ այդ փաստարկը: Հիմա ես ուզում եմ հարցնել. այս բոլորը կողք կողքի դնելով, ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավու՞նք ունեմ գոնե կասկածելու, որ այս բոլորի հետեւում մտածված, նախատեսված պետական ծրագրավորում կա՞, թե` ո՞չ», - հարցրեց Օսկանյանը:

Իշխանությունների կողմից ծրագրավորված ընտրակեղծիքների մասին այսօր միասնական շտաբի ասուլիսում խոսեց նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` նշելով, որ այս ընտրություններում պետությունն ամեն ինչ արել է, որ հեշտացներ բազմակի քվեարկությունները:

«7.30, 8-ին եկած 100 հազարավոր զանգվածը Հանրապետական ընտրակեղծարարների հիմնական բազան է, որը եկել է առավոտվանից քվեարկելու, որ հետո կարողանա բազմակի անգամ քվեարկի, այն պարագայում երբ դեռ թանաքը փոխարինված չէր կայուն հետք թողնող թանաքով: Ընդ որում, այստեղ միայն թանաքի գործոնը չէ. մենք անձնագրերի լուսանկարներն ունենք, որտեղ 3-4 դրոշմակնիք է պատկերված: Այսինքն շատերին չի էլ անհանգստացրել, որ թանաքը չի ցնդում, գնացել են, չորս անգամ քվեարկել են», - ասաց Զուրաբյանը:

Նրա փոխանցմամբ` բազմակի քվեարկությունից բացի ավելի մասշտաբային է եղել պետական մակարդակով ընտրակաշառքի բաժանումը: Զուրաբյանի խոսքով` այս դեպքում գործել է «մտրակի եւ բլիթի» քաղաքականությունը:

«Ընտրակաշառք բաժանելը զուգորդվել է ահաբեկմամբ, մարդկանց ուղղակի սպառնացել են, որ եթե իրենք տրված ընտակաշառքի դիմաց չեն գնում եւ չեն քվեարկելու Հանրապետականի կամ իրենց կողմից թելադրված թեկնածուի օգտին, իրենց ընտանիքին վնաս է հասցվելու: Եվ դա ասվել է պետական պաշտոնյաների, միլպետների կողմից», - ասաց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG