Մատչելիության հղումներ

Լրացուցիչ ցուցակները կփակցվեն մայիսի 5-ին


Այն քաղաքացիները, որոնց անունները ընդգրկված չեն ընտրացուցակներում, այսօրվանից մինչեւ քվեարկության ավարտը ներառյալ, դիմելով Անձնագրային եւ վիզաների վարչություն` կարող են ստանալ տեղեկանքներ` ընտրատեղամասերում լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար:

Ապրիլի 29-ին է լրացել ժամկետը, երբ այլ բնակավայրում հաշվառում ունեցող քաղաքացիները ոստիկանության անձնագրային բաժին դիմելով` ընտրության օրը մեկ այլ ընտրատարածքում համամասնական ընտրակարգով քվեարկելու հնարավորություն են ստանում:

Ի տարբերություն հիմնական ընտրացուցակների, որոնք տեղամասերում փակցնում են քվեարկության օրվանից 40 օր առաջ` լրացուցիչ ցուցակներն ընտրատեղամասերում են հայտնվում ընտրության նախորդ օրը, եւ արդեն խնդրահարույց է դրանց ճշգրտման հարցը:

Ոստիկանությունն այլ բնակավայրում գրանցված, սակայն ընտրության օրը մեկ այլ ընտրատարածքում քվեարկողների տվյալներն ամփոփում է յուրաքանչյուր 10 օրը մեկ: Վերջին տվյալն ամփոփվել է ապրիլի 26-ին:

«Այլ համայնքի հաշվառում ունեցող անձանց ցուցակներում ընդգրկվել է 3408 ընտրող: Որքան ընտրությունների օրը մոտենում է, այնքան ընտրական ակտիվությունը մեծանում է, ընտրական գործընթացի սուբյեկտների շահագրգռությունը` ընտրազանգված մոբիլիզացնելու իմաստով, ավելի է շատանում, եւ այն ընտրողները, ովքեր ցանկություն ունեն դիմելու լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար, նրանց թիվը կաճի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Վարչության տեխնիկական սպասարկման բաժանմունքի պետ Արգամ Սանասարյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` կարո՞ղ է պնդել, որ քվեարկության օրը նույն անձը երկու տեղամասում չի քվեարկի, ասաց. - «Համակարգը զգուշացնում է մեր օպերատորին, որ մարդը դիմել է այսինչ օրը այսինչ լրացուցիչ ցուցակ ընդգրկվելու կապակցությամբ: Մուտքագրելիս նախկին լրացուցիչ ցուցակից ավտոմատ ծրագիրը հեռացնում է նրան եւ ընդգրկում է նոր լրացուցիչ ցուցակ»:

Ի դեպ, այս համակարգն առաջին անգամ է կիրառվում համապետական ընտրությունների առիթով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բացի այլ բնակավայրում հաշվառված, բայց ընտրության օրը մեկ այլ ընտրատարածքում քվեարկելու դիմում ներկայացրածներից, լրացուցիչ ցուցակների մեջ են ընդգրկվում նաեւ հաշվառում չունեցողները: Մեկ այլ լրացուցիչ ցուցակ էլ կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` ոստիկանության տեղեկանքների կամ դատարանի վճիռների հիմքով:

Լրացուցիչ ցուցակների ճշգրտության միակ երաշխավորը, ինչպես նկատեց փաստաբանը, ոստիկանությունն է. - «Չկա երկրորդ կողմ, որը կկարողանա ստուգել եւ հավաստիացնել, որ այդ ցուցակները ճիշտ են»:

Հակոբյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը լրացուցիչ ցուցակների վերահսկողության հարցով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների ցուցակների մասին տեղեկությունների` լիազոր մարմնի մենաշնորհային տիրապետման եւ հանրության լայն զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում անթույլատրելի է այդ ցուցակների ճշգրտության պատասխանատվությունը թողնել միայն լիազոր մարմնի վրա»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանել է, թե լրացուցիչ ցուցակների վերահսկողության կարգ սահմանելը վեր է իր իրավասություններից:

Քվեարկությունից մեկ օր առաջ ընտրատեղամասում փակցվող լրացուցիչ ցուցակների էլեկտրոնային տարբերակը չի հրապարակվի նաեւ քվեարկության օրը:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG