Մատչելիության հղումներ

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քրեական հանցագործություն չի համարում ուրիշ պատգամավորի փոխարեն քվեարկելը եւ համոզված է, որ այդ խնդիրը կարող է իր լուծումը ստանալ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի շրջանակներում:

«Օրենքը ենթադրում է ոչ թե կեղծ քվեարկություն, այլ խախտում: Եվ օրենքի ամբողջ տրամաբանությունը նա է, որ ինքը` Ազգային ժողովը պիտի հաղթահարեր… Ես պիտի խնդրեմ, որ «Կանոնակարգ» օրենքի 56 եւ 61 հոդվածները նայեք, թե ինչպես է հաղթահարում Ազգային ժողովը նման դեպքերը», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց Սահակյանը:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը, հիշեցնենք, հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` Ազգային ժողովի մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների` ուրիշի փոխարեն քվեարկելու համար պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով:

Հաղորդումը ՀՔԾ-ից ուղարկվել էր Ազգային ժողով, ինչին, սակայն, որեւէ կոնկրետ գործողություն չէր հաջորդել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է. - «Պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ, կամ կարող է սույն օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» կամ «ե» ենթակետերով նախատեսված կարգով հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց»:

Հոդվածի 7-րդ կետը, ըստ Գալուստ Սահակյանի, հնարավորություն է տալիս նույն օրենքի շրջանակներում «հաղթահարել» խախտումը. - «Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին վարման կարգով ելույթում առաջարկում է որեւէ պատգամավոր: Եթե պատգամավորի կողմից հայտնաբերվում են խախտումներ, որոնք ազդում են քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը վարողի առաջարկությամբ այդ հարցի քվեարկությունը կրկնվում է»:

Փաստորեն, ըստ Գալուստ Սահակյանի, ստացվում է, որ ուրիշի փոխարեն քվեարկելը ընդամենը խախտում է, որը միանգամայն ներելի է` եթե դրա հետեւանքները չեն ազդում քվեարկության արդյունքների վրա:

«Նախագահողը, եթե տեսնում է, որ նշված պատգամավորների անունները կամ քվեարկությունները այդպես չեն ազդում ընդհանուր քվեարկության պրոցեսին, ուրեմն այդպես էլ շարունակվում է: Եթե ազդում են` կրկնակի քվեարկության է դնում», - հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Սակայն, ըստ Սահակյանի, եթե անգամ դա ընդամենը խախտում է, այլ ոչ օրենսդիր իշխանության յուրացում, հետեւաբար եւ` հանցանք, ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատել էին իրավաբան փորձագետները, ապա այդ խախտումը Ազգային ժողովի` փետրվարի 9-ին կայացած նիստին, «ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի պնդմամբ, հաստատապես ազդել էր քվեարկության արդյունքի վրա: Հենց Լարիսա Ալավերդյանն էր արձանագրել ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերն ու ահազանգ հնչեցրել:
Վերաքվեարկություն, սակայն, ինչպես պահանջում է հիշյալ օրենքի 7-րդ կետը, տեղի չի ունեցել:

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ այդ օրը քվեարկութան էին դրվել մոտ տասը օրինագծեր, այդ թվում` հատուկ դրության ռեժիմի մասին օրենքի աղմկահարույց նախագիծը: Քվեարկության պատկերն այդ նիստին հետեւյալն էր` կողմ` 62, դեմ` 0, ձեռնպահ` 7:

«Այդ 69 հոգուց 7-ը քվեարկել են ուրիշի տեղը. 62 ստացվեց, այսինքն` 66 չկար: Այսինքն` ազդել է [քվեարկության արդյունքի վրա]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը` շարունակելով. - «Ես պահանջել եմ ավելին, քան վերաքվեարկություն… Ես պահանջել եմ` հաշվիչ հանձնաժողովը սկսի աշխատել, որ հաշվի ոչ թե կոճակները, այլ մարդկանց»:

Այդ պահանջը չի կատարվել: «Փոխխոսնակը ասաց` ոչ, այդպիսի խնդիր չկա», - փոխանցեց Ալավերդյանը:

Նրա խոսքով, ստացվում է, որ չի կատարվել նույնիսկ «Աժ կանոնակարգ» օրենքի 61–րդ հոդվածի համապատասխան պահանջը:

Ռուբեն Թորոսյանը, մինչդեռ, ՀՔԾ-ին խնդրել էր իր հաղորդումը քննել` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածները, այն է, պաշտոնական լիազորություններն անցնելը եւ չարաշահելը:

Վերադառնալով Գալուստ Սահակյանի այսօրվա ասուլիսին` նշենք, որ նա «ոչ պատշաճ» ու իբրեւ «սեփական տեսակետ» գնահատեց հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի` օրերս հնչեցրած այն տեսակետը, թե «Օրինաց երկիր»-ը խորհրդարան կարող է անցնել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի օգնությամբ:

«Մտածում եք, թե հանրապետականը հանկարծ էնքան բարեսիրտ մոտեցումներ ունի, որ ձայները իր մոտ են գտնվում ու պետք է բռերով մեկ այստեղ ձայն տա, մեկ այնտեղ ձայն տա՞... Յուրաքանչյուր կուսակցություն իր ձայնը ինքը պետք է կարողանա հավաքել», - ասաց Սահակյանը:

XS
SM
MD
LG