Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովի նախագահին է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը, որպեսզի Սամվել Նիկոյանը քննարկի այն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից:

Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին ՀՔԾ-ին ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե նշված պատգամավորները խախտել են Հայաստանի Սահմանադրությունը եւ Ազգային ժողովի կանոնակարգը: Թորոսյանը իր հաղորդման մեջ նաեւ նշել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ընդունելով կատարվածը, խախտել են ԱԺ-ի կանոնակարգը եւ կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը հարցադրում է հնչեցնում, թե ինչո՞ւ է Հատուկ քննչական ծառայությունն իր հաղորդումն ուղարկել Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

«Եթե հաղորդումը ուղարկել են Նիկոյանին, ես կարծում եմ սխալ հասցեով են ուղարկել: Հաղորդման այդ կեսը` Նիկոյանի հետ կապված, պետք է հանրապետության նախագահին, այսինքն պետության գլխին ուղարկեին: Հիմա Նիկոյանը իր հետ կապված ինչպե՞ս պետք է ինչ-որ միջոցառումներ նախատեսի», - հարցնում է Թորոսյանը:

Ռուբեն Թորոսյանը ՀՔԾ-ին խնդրել է իր հաղորդումը քննել` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածները, այն է, պաշտոնական լիազորություններն անցնելը եւ չարաշահելը:

«Երեւի մեր Հատուկ քննչական ծառայությունը ի վիճակի չէ տեսնել, պարզել այդ հետեւանքները, այսինքն քվեարկության արդյունքների վրա դա ազդե՞լ է, թե` ոչ, ուղարկել է, որ [ԱԺ-ում] պարզեն: Բացի քվեարկության արդյունքների վրա ազդելուց, կա մեկ այլ հետեւանք, դա ընտրողների իրավունքների ոտնահարումն է: Այսինքն եթե դու քվեարկել ես այլ պատգամավորների փոխարեն, ապա այդ այլ պատգամավորի ընտրողների իրավունքները ոտնահարվել են, այսինքն նրանք հանցանք են կատարել», - ասաց Թորոսյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը, թե ո՞ր օրենքի վկայակոչմամբ է Ռուբեն Թորոսյանի հաղորդումն ուղարկել ԱԺ-ի նախագահին, եւ ինչո՞ւ ՀՔԾ-ն որոշում չի կայացրել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ՀՔԾ-ից պատասխանեցին, որ Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ԱԺ նախագահի քննարկմանը` «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-28-րդ կետերի համաձայն:

«Հատուկ քննչական ծառայությունն ընդունած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս», - գրված է ՀՔԾ-ի պատասխան նամակում` չմասնավորեցնելով, թե հատկապես որ կետն է հիմք ընդունել:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-րդ կետի 1-ին մասով` ՀՔԾ-ն պարտավոր է լուծում տալ ներկայացված դիմումին, 2-րդ մասով` դիմումը լուծման համար ուղարկում է այլ մարմիններ: Իսկ 28-րդ կետով սահմանված է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողության դեմ բողոք պարունակող դիմումը քննարկման համար ուղարկում է դրանց նկատմամբ վերահսկողական լիազորություններ իրականացնող մարմնին կամ պաշտոնատար անձին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ նախագահը, Սամվել Նիկոյանը պատասխանեց, թե դեռ չի ստացել ՀՔԾ-ի ուղարկածը եւ նպատակահարմար համարեց այդ մասին խոսել, երբ ստանա գրությունը:

Ւ դեպ, Ռուբեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկության փաստերն արձանագրող տեսանյութը:

Ուրիշի փոխարեն ութ պատգամավորների քվեարկության հետեւանքով առաջացած այս խառնաշփոթի մեջ ՀՔԾ-ն հայտնվել է առաջին անգամ եւ, փաստորեն, կանգնել է պատգամավորներին պատժելու դժվարության առջեւ:

Իրավաբան Կարեն Մեժլումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ուրիշի փոխարեն քվեարկելը օրենսդիր իշխանության յուրացում է: Հիշեցնենք` իրենց բացակա գործընկերների փոխարեն պատգամավորների աղմկահարույց քվեարկությունների հետեւանքով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված համարեց տասից ավելի նախագծեր, այդ թվում` արտակարգ դրության ժամանակ բանակն օգտագործելու հնարավորություն ընձեռող օրինագիծը:

«Եթե օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ուրիշ պատգամավորների փոխարեն քվեարկության միջոցով, ապա այն որեւէ իրավական ուժ չի կարող ունենալ», - ասաց իրավաբանը:

Ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մշտապես արձանագրում է խորհրդարանում սեղմվող կոճակների եւ պատգամավորների իրական թվի անհամապատասխանությունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հիմա ՀՔԾ-ն ուղարկել է այդ դիմումը, որ ի՞նչ: Իրենք շատ լավ աչք են փակելու: Ուղղակի մեկ անգամ եւս ԱԺ-ի մակարդակով մեջտեղ է գալիս այն կեղտը, այլանդակությունները, որոնք երկրում կան»:

Բախշյանը նկատեց` Սամվել Նիկոյանը, ով, ըստ ՀՔԾ-ի, պետք է քննարկի այս հաղորդումը, եւ ուրիշների փոխարեն քվեարկած պատգամավորները նույն թիմից են:

«Իրենք շատ լավ գիտեն, թե ով է ում փոխարեն եւ ինչու քվեարկում», - ասաց նա` հավելելով, որ «Ժառանգություն»-ը մտադիր է Նիկոյանին ուղարկված հաղորդումը դարձնել քննարկման առարկա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG