Մատչելիության հղումներ

Եվրագոտու խնդիրների պատճառով բյուջեն չի վերանայվի


Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան
Հայաստանի ֆինանսների նախարար, անկուսակցական Վաչե Գաբրիելյանը հինգշաբթի կայացած ասուլիսում, ի պատասխան հարցին, թե համապատասխանու՞մ է իրականությանը այն տեղեկությունը, որ առաջիկայում անդամագրվելու է իշխող Հանրապետական կուսակցությանը, հայտարարեց, որ մոտ ապագայում ինքը չի պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության:

«[Որեւէ կուսակցությունից] առաջարկի դեպքում կարող եմ անդամագրվել, կարող եմ եւ չանդամագրվել», - ասաց նախարարը եւ հարկ համարեց ավելացնել. - «Ես բնականաբար, իրականացնում եմ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի եւ վարչապետի ծրագրերը, քանի որ այս պաշտոնը, ըստ տրամաբանության, Հանրապետական կուսակցության քվոտայով է, սակայն ինքս կուսակցական չեմ»:

Նախարարը անդրադարձավ այս տարի կառավարության կողմից քաղծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթին:

Ինչպես հայտնի է, այս տարվա պետբյուջեով կառավարությունը չգնաց քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը, փոխարենը հայտարարվեց, թե քաղծառայողների համար ստեղծվում է սոցիալական փաթեթ:

Եվ ահա, այսօր Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե շուրջ 120 հազար քաղծառայողներից յուրաքանչյուրի համար նախատեսված է տարեկան կտրվածքով 132 հազար դրամ, որը, սակայն, քաղծառայողը կարող է ծախսել սահմանափակ ուղղություններով: Այդ գումարից 52 հազարը նա պարտավոր է տրամադրել 1 տարվա բժշկական ապահովագրությանը, իսկ մնացածը կարող է ծախսել հիփոթեքային վարկի մարման, Կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով աշխատող ուսումնական հաստատություններում ուսման վճարի մարման կամ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում հանգստի կազմակերպման համար:

Ֆինանսների նախարարն անդրադարձավ նաեւ այս տարվա բյուջեի կատարման եւ տնտեսական աճի ապահովման հարցին` նշելով, որ չնայած եվրագոտում այսօր առկա խնդիրներին, Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում վերանայել բյուջեն կամ փոխել տնտեսական աճի հետ կապված իր ծրագրերը:

«Մենք չենք պատրաստվում այս պահին բյուջեն փոխել, որովհետեւ առաջին ամսվա ընթացքում ունենք շատ բավարար կատարողական, տնտեսական աճի ցուցանիշները այդ տեսակետից եւս մտահոգության տեղիք չեն տալիս», - ասաց Գաբրիելյանը:

«Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ապա ամեն դեպքում կան էական մակրոտնտեսական ռիսկեր, որոնք հատկապես գալիս են եվրագոտուց եւ, բնականաբար, Ռուսաստանից կարող են արտածվել մեզ վրա: Այս պահին մենք էական վերանայման անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ այդ խնդիրները, թեեւ կան, բայց միեւնույն ժամանակ, կարող են չառարկայանալ», - հավելեց ֆինանսների նախարարը:

Հարցին, թե չի կրկնվի արդյոք 2009 թվականի սցենարը, նախարարը արձագանքեց. - «Եթե ես չեմ սխալվում, մենք 2009-ին եւս բյուջեն չփոխեցինք եւ տարին ավարտեցինք»:

Ի պատասխան հիշեցմանը, թե 2009 թվականին մեկ օրում դրամը 30 տոկոսով արժեզրկվեց, Գաբրիելյանը նշեց. - «Դրամը մեկ օրում արժեզրկվեց, որովհետեւ կար ֆինանսական կայունության խնդիր: Այժմ չեմ կարծում, որ այդ ֆինանսական կայունության խնդիրը առկա է… Դրամը այս պահին ունի շատ սահուն, հեզաճկուն ընթացք»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկրի համար մտահոգիչ համարեց եվրագոտում տեղի ունեցաող զարգացումները` նշելով, որ Հայաստանի արտաքին առեւտրի շուրջ 1/3-րդը (մոտ 1.6 միլիարդ դոլար) իրականացվում է հենց եվրագոտու երկրների հետ, եւ այնտեղ ցանկացած բացասական զարգացում ուղղակի կամ միջնորդավորված իր ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Մյուս կողմից, ըստ Բագրատյանի, կառավարությունը բյուջեում այնպիսի թվեր է դրել, որ «ոչինչ էլ չանի, այս բյուջեն կկատարվի». - «Իսկապես բյուջե չկա: Բյուջեն հաստատվեց 911 միլիարդ 2012-ին` 2011-ի 852-ի փոխարեն, սղաճը` 5.5 տոկոս: Եթե սղաճը ավելացնում ես 852-ի վրա, բյուջեի 911-ից 897-ը կա: Ոչ մի բան չանեն, այդ բյուջեն կա: Հիշո՞ւմ եք 101 միլիարդի խոսակցությունը… Ես էլ հակադարձեցի, թե այդ ինչ մի բարձրացում է, որ անում եք: Ի վերջո, չարվեց: Բյուջեն ավելացվել է 11 միլիարդ դրամով: Եվ դա այն դեպքում, երբ հարկային խստացումներ կան: Մի հսկայան օրենք ընդունվեց ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, պատենտների վերաբերյալ… Դրանք բոլորը փող են»:

Նախկին վարչապետն անդրադարձավ նաեւ այս տարվա պետբյուջեով նախատեսված 4.2% տնտեսական աճին. - «Ինչպես անցյալ տարի «նկարվել է» 5.2 տոկոս աճ հանքերի եւ ԱՊՊԱ-ի հաշվին, այս տարի էլ ավելացված է նոր ապահովագրություն` քաղծառայողների ապահովագրությունը: Այդտեղ արդեն 2 տոկոս կա: Բայց դա աճ չէ: Մենք վիճարկում ենք դա: Չի կարելի ֆինանսական ոլորտի հաշվին կամ հանքարդյունաբերության հաշվին աճը աճ համարել: Մարդիկ հիմա բացառում են: Եվրոպական ճգնաժամի աղբյուրներից մեկն էլ սա է»:

please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG