Մատչելիության հղումներ

logo-print

Դրամի փոխարժեքի անկման մեջ «որեւէ պրոբլեմ չկա»


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյան

Դոլարի համեմատ դրամի փոխարժեքի` վերջին օրերին նկատվող անկումը Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը միանգամայն օրինաչափ է համարում:

Ասատրյանի խոսքով, ազգային արժույթի շրջանառումից ի վեր այն գրեթե միշտ դեկտեմբեր ամսին որոշակիորեն արժեւորվել է` կապված այդ շրջանում դրամի մեծ պահանջարկի հետ, սակայն դրան հաջորդած հունվարին արձանագրվել է դրամի փոխարժեքի անկում:

Դրամի փոխարժեքը սահուն կերպով իջնում է: Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում երեկ եւ այսօր այն կազմել է 1 դոլարի դիմաց 388 - 389 դրամ:

«Դեկտեմբերի 1-ից` վերջին մեկուկես-երկու ամիսների ընթացքում, 7 դրամ արժեզրկվել է: 7 դրամը 2 տոկոս անգամ չի կազմում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահը` վստահեցնելով. - «Որեւէ պրոբլեմ չկա»:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում նախօրեին ընդհանուր առմամբ վաճառվել է 8 միլիոն դոլար: Միեւնույն ժամանակ, Հայաստանի կենտրոնական բանկի հաղորդմամբ, անցած շաբաթվա ընթացքում Բանկը ֆոնդային բորսայում իրականացրել է 7.9 մլն դոլարի վաճառք: Հարցին, թե արդյո՞ք դարձյալ գործ ունենք դրամի փոխարժեքի անկումը զսպելուն միտված` Կենտրոնական բանկի միջամտության հետ, Բագրատ Ասատրյանը պատասխանեց. - «Եթե ընթացիկ տատանումների հարթեցման նպատակով է արվում, սա ընդունելի, ընկալելի երեւույթ է: Բայց եթե սա օրինաչափ երեւույթ դարձավ, ճիշտ այնպես, ինչպես մենք տեսել ենք 2009-2008 թվականներին, սա սարսափելի կլինի եւ մեծ վտանգներ կպարունակի տնտեսության համար»:

Հիշեցնենք` 2008 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2009 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում դրամի փոխարժեքի շարունակական անկումը զսպելու նպատակով Հայաստանի կենտրոնական բանկն արտաքին պահուստներից մոտ 700 միլիոն դոլար հանեց վաճառքի, ինչը, մասնավորապես, հարուցել էր միջազգային դոնոր կազմակերպությունների դժգոհությունը: 2009 թվականի մարտին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որոշում է ընդունվել սահմանափակել արտարժույթի շուկայում ԿԲ միջամտությունները եւ վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

2009 թվականի մարտին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որոշում է ընդունվել սահմանափակել արտարժույթի շուկայում ԿԲ միջամտությունները եւ վերադառնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

Կենտրոնական բանկից այսօր չհաջողվեց արձագանք ստանալ, թե արդյոք ԿԲ-ն ֆինանսական շուկայում դոլարի որոշակի չափաբաժիններ վաճառելու միջոցով դարձյալ միջամտում է փոխարժեքի ձեւավորմանը: Սակայն ԿԲ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված է հետեւյալ պարզաբանումը. - «Կենտրոնական բանկի միջամտությունը որոշ դեպքերում կարող է կապված լինել փոխարժեքի կտրուկ տատանումների հարթման անհրաժեշտության հետ: Փոխարժեքի կարճաժամկետ թռիչքաձեւ տատանումների հարթումը ֆինանսական կայունության անհրաժեշտ նախադրյալներից է եւ կարող է իրականացվել Կենտրոնական բանկի հիմնական նպատակին չհակասելու պարագայում»:

Վերջին շրջանում փոխարժեքների սրընթաց տատանումներ են արձանագրվում նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում: Մասնավորապես, դոլարի համեմատ զգալիորեն նվազել է եվրոյի փոխարժեքը` այսօրվա դրությամբ հասնելով 1 եվրոյի դիմաց 1.27 դոլարի:

Հարցին, թե եվրագոտու ճգնաժամն ու, մասնավորապես, եվրոյի փոխարժեքի անկումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա` հաշվի առնելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերից է, Բագրատ Ասատրյանը պատասխանեց. - «Ուղղակի` ոչ: Այո, մեր տնտեսական կապերը ակտիվ են, բայց հիմնականում խոսքը գնում է առեւտրի մասին եւ խոսքը գնում է շատ կոնկրետ ապրանքատեսակների առք ու վաճառքի մասին` մետաղ, հանածո, ադամանդներ: Այս հատվածներով, որը գնում է էքսպորտի, այո, կապված ենք եվրագոտու անդամ երկրների: Բայց` ընդամենը այսքանով: Մենք այդ աստիճան չենք ինտեգրված եվրոպական տնտեսության մեջ, որ դրա հետեւանքները մեր վրա կզգանք»:

Հիշեցնենք, որ այս տարվա պետական բյուջեն կազմելիս ԱՄՆ դոլարի փոխարժեքը կանխատեսվել է 367.5 դրանի չափով:

XS
SM
MD
LG