Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ընդդիմություն է ձեւավորվում


Ղարաբաղում ընդդիմություն է ձեւավորվում
please wait

No media source currently available

0:00 0:14:49 0:00
Լեռնային Ղարաբաղում ընդդիմություն է ձեւավորվում` ի դեմս «Շարժում 88» կուսակցության: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց այդ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը:

«Ականջալուր լինելով հանրության բազում շերտերի բողոքներին, դժգոհություններին` որոշել ենք քաղաքականություն գալով փորձել համախմբել մեր նման մտածողներին, թեկուզ եւ արտախորհրդարանական քաղաքական ուժի, բնական է, արդեն որպես ընդդիմության», - ասաց նա:

Էդուարդ Աղաբեկյան 2004 թվականին, լինելով ընդդիմադիր թեկնածու, ընտրվեց Ստեփանակերտի քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնավարումից հետո նա դարձավ վարչապետի խորհրդական, իսկ ամիսներ առաջ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում կրկին առաջադրվելով` հրաժարվեց խորհրդականի պաշտոնից: Քաղաքապետի ընտրություններում Աղաբեկյանի օգտին քվեարկել էր ընտրողների մեկ քառորդը, եւ արդյունքում քաղաքապետ դարձավ իշխանության թեկնածու Սուրեն Գրիգորյանը:

Այժմ երբ Ղարաբաղում չկա ընդդիմություն, չկա անկախ կամ այլընտրանքային լրատվամիջոց, Աղաբեկյանը հայտարարում է ընդդիմադիր դիրքորոշմամբ քաղաքական դաշտ վերադառնալու մասին, քանի որ, իր խոսքով, համաձայն չէ ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության հետ:

«Ես համամիտ չեմ վարվող քաղաքականության բազում երեւույթների հետ` սկսած տնտեսական հարցերից մինչեւ սոցիալական-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, քաղաքացիական հասարակության կայացում, ժողովրդավարացման պրոցեսներ եւ այլն: Միանշանակ համաձայն չեմ վարվող քաղաքականության հատկապես պետական ուռճացված ապարատին», - ասաց Աղաբեկյանը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղը գնահատում է որպես ոչ ազատ երկիր, իսկ մինչ այդ Ղարաբաղը դասվում էր մասամբ ազատ երկրների շարքին: Այս հետընթացը, մասնավորապես, պայմանավորված է Ղարաբաղում ընդդիմության բացակայությամբ:

«Մեր խորհրդարանի պատմության ընթացքում առաջին դեպքն է, որ տարվա բյուջեն ընդունվում է 33 պատգամավորներից 32 կողմ քվեարկությամբ, մեկն էլ չի քվեարկել, որովհետեւ բացակա է եղել: Ցավալի է, որ այդպես է ներկայումս իրավիճակը: 20 տարիների հեռվից, ցավոք, ավելի է մեծանում հնարավոր ձեռքբերումների եւ բացթողումների վիհը: Ցավոք, այս վիհը, խոսքի եւ գործի տարբերությունը ակնհայտորեն ի օգուտ պետական կառույցների չէ», - ասաց նա:

Ի դեպ, հայկական մամուլում վերջին շրջանում սկսեց ակտիվորեն շրջանառվել Աղաբեկյանի անունը` որպես Ղարաբաղի առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու: Այս առնչությամբ ընդդիմադիր գործիչն ասաց. - «Նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռեւս վաղաժամ է, նման հարցերի վերաբերյալ որոշումներ միանձնյա չեն կայացվում: Ամեն դեպքում այս պահի դրությամբ նման մտադրություն չունեմ: Եթե գործող նախագահը առաջադրվի, համենայնդեպս, նրա կողքին չեմ լինի»:

please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG