Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Սուրեն Գրիգորյանը


.
.

Ըստ կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական արդյունքների, Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Լեռնային Ղարաբաղի կառավարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Գրիգորյանը: Նրա օգտին քվեարկել են ընտրությանը մասնակցած ստեփանակերտցիների 62.5 տոկոսը:

Երեկ Լեռնային Ղարաբաղի 227 համայնքներից 209-ում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններ։ ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54 հազար 658 մարդ, կամ ընտրողների 58.71 տոկոսը։

ԼՂ խոշորագույն համանքի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ` Սուրեն Գրիգորյանը, Էդուարդ Աղաբեկյանը` ԼՂ վարչապետի խորհրդականը (նա ստացել է ընտրողների 24.7 տոկոսի քվեները) եւ 2004 թվականին ընդդիմության կողմից առաջադրված եւ ընտրված քաղաքապետ, պատգամավոր Մարատ Հասրաթյանը, ում օգտին տրվել է ձայների 13.7 տոկոսը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարատ Հասրաթյանը ասաց, որ ընդունում է քվեարկության արդյունքները եւ արդեն շնորհավորել է ընտրված քաղաքապետին:

«Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են արդար ու թափանցիկ», - հավելեց նա:

Ընտրություններին միջազգային դիտորդներ չէին հետեւում: Հայաստանի Ազգային ժողովից ժամանած չորս դիտորդներն էլ երեկ միաբերան հայտարարեցին, որ որեւէ թերություն չնկատեցին եւ ամեն ինչ ավելի քան կատարյալ է:

Երեկ ընտրատեղամասում քվեարկելուց հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քվեարկել է այն թեկնածուի օգտին, ով «օժտված է համապատասխան գիտելիքներով եւ ընտրվելուց հետո կկարողանա կատարել իր պարտականությունները»:

«Կարելի է համարել, որ ընտրությունները մեր երկրում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել, եւ սա արդեն ձեւավորված մշակույթ է մեր կյանքում: Եվ այս ընտրությունները բացառություն չեն: Շատ հաճելի է, որ հերթական անգամ ընտրությունները անցել են քաղաքակիրթ պայմաններում, օրենքի եւ բարոյականության շրջանակներում», - նշել էր Սահակյանը:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանն էլ իր ընտրած թեկնածուից ակնկալում է, որ նա «այս տարիների ընթացքում ոչ միայն պահպանի այս [քաղաքի] գեղեցկությունը, այլ ավելի հաճելի եւ բարեկեցիկ դարձնի Ստեփանակերտը»:

«Առաջինը, մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք ստեղծել ենք ժողովրդավարական պետություն, ու մեր ամեն մի քայլը կապված ընտրություններին հետ համեմատություն է տալիս աշխարհին մեր հարեւանների հետ, որ հասկանան, որ մեզ մոտ իսկական ժողովրդավարություն է, իսկ մեր հարեւանների մոտ սուլթանատ է ստեղծված, որտեղ հորից որդի ժառանգվում է թագը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:

ՏԻՄ ընտրություններն Լեռնային Ղարաբաղում անցկացվում են 1998 թվականից. այս ընտրությունները թվով 5-րդն էին։
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG