Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Միացյալ Նահանգներից հետո Հայաստանի ամենախոշոր դոնորներից է։ Եվրամիության հարաբերություննները Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղություններից մեկն է, եւ այդ առումով էլ Հայաստանը բավական ակտիվ քաղաքականություն է վարում։ Սակայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվյակը կարծում է, որ Եվրամիության ներսում վերաբերմունքը իր իսկ կողմից նախաձեռնած ծրագրերին, այդ թվում նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրին, տարբեր է:

«Լեհաստանը, Շվեդիան եւ Չեխիան լրջորեն են վերաբերում Արեւելյան գործընկերության ծրագրին։ Սակայն ԵՄ-ն` իբրեւ կառույց, քիչ է հետաքրքրված այդ ծրագրով։ Նրանք այժմ զբաղված են ընդհանուր տարադրամը` եվրոն փրկելու գործով։ Եթե կա մի կարեւոր արտաքին քաղաղաքական խնդիր, ապա դա արաբական գարունն է, արաբական հեղափոխոխություննները», - ասում է Ջոզվյակը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում:

Ջոզվյակը կարծում է, որ ընդհանուր առմամբ ԵՄ-ն լավ է վերաբերւմ Հայաստանին, համակրում է. - «Սակայն ինչ վերաբերում է վարկանիշին, ապա Արեւելյան գործընկերության ծրագրում կան երկրներ, որոնք Հայաստանից առաջ են, ինչպես, օրինակ, Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է Ասոցացման համաձայնագրի կնքմանը»։

Ջոզվյակի կարծիքով` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` նահանջը ժողովրդավարական ուղուց, Տիմոշենկոյի դատավարությունը, բացասաբար են անդրադարձել ԵՄ-ի եւ այդ երկրի միջեւ հարաբերությունների վրա. Արեւելյան գործընկերության երկրներից մեկի վատ ցուցանիշները անդրադառնում են նաեւ մյուսների վրա։

Ռիկարդ Ջոզվյակը փաստարկում է, որ Հայաստանի մասին Վարշավայի գագաթնաժողովում ընդունված փաստաթղթի միակ տեքստը շատ վերացական ու անորոշ էր։ Այն արձանագրում էր, որ ԵՄ-ն հույս ունի ասոցացման պայմանագրի բանակցություններ սկսել Հայաստանի հետ հնարավորինս շուտ։ ԵՄ-ում նշվեց նաեւ, որ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել։

«Պետք է ասել, որ ԵՄ-ի ներսում Հայաստանը ունի իր աջակիցները։ Այդ աջակիցը Ֆրանսիան է, որը միշտ այս կամ այն չափով պաշտպանում է Հայաստանին: Մյուս կողմից այն փաստը, որ Սարկոզին չեկավ Վարշավա մասնակցելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, վկայում է, որ Ֆրանսիան այնքան է չի կարեւորում ծրագիրը», - ասում է Ջոզվյակը։

Ռիկարդ Ջոզվյակը գտնում է, որ ԵՄ մի շարք պաշտոնյանների այն հայտարարությունները, թե Միությունը կարող է առանցքային դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, պարզապես «պարապ խոսքեր են»։ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի կարծիքով, Ֆրանսիան երբեք չի զիջի իր տեղը ԵՄ-ին, եւ այն կարող է պարզապես դրամական օգնությամբ ներգրավվել ղարաբաղյան գործընթացին այն բանից հետո, երբ հակամարտությունը կարգավորվի, բայց դա հեռավոր ապագայի հարց է։

Երբ Լեհաստանը դարձավ ԵՄ նախագահ, մի շարք լեհ դիվանագետներ մտահոգվել էին Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման հեռանկարով: Հարցին, թե ի՞նչ են ասում եվրադիվանագետները հիմա, Ջոզվյակը պատասխանում է. - «Ես այդ հարցի մասին միշտ եմ խոսում ԵՄ-ի շատ դիվանագետների հետ։ Բելառուսին եւ Ուկրաինային առնչվող հարցերից զատ, նրանք միշտ շեշտում են Ադրբեջանի վերազինումը։ Նրանք նյարդային են այն հարցում, որ Ադրբեջանը զինվում է։ Դիվանագետները այդ մասին բարձրաձայն չեն խոսում եւ ասում են, որ դուք պետք է կռահեք, թե ինչու։ Կարծում եմ` պատճառը գազի խողովակաշարային միջանցքն է»։

Ջոզվյակը լավ հեռանկար չի տեսնում նաեւ Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերություններում:

«2012 թվականի երկրորդ կեսին Երամիությունը նախագահելու է Կիպրոսը, որը չի թաքցնում իր թշնամական վերաբերունքը Թուրքիայի նկատմամբ։ Եվ ակնհայտ է, թե ինչպիսին կլինի նախագահող երկրի վերաբերմունքը Թուրքիայի անդամակցության հեռանկարի նկատմամբ: 2012 թվականի հոկտեմբերին կրկին ներկայացվելու է Թուրքիայի առաջընթացի զեկույցը, եւ այդ ժամանակ չի բացառվում, որ Եվրոպան պարզապես հստակ հայտարարի, որ Թուրքիան չի բավարարում ԵՄ անդամ դառնալու չափանիշները», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG