Մատչելիության հղումներ

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը այսօր կավարտի աշխատանքները


Վարշավայի «Կոպեռնիկոս» գիտական կենտրոնը, որտեղ անցկացվում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, 29-ը սեպտեմբերի, 2011թ.
Վարշավայի «Կոպեռնիկոս» գիտական կենտրոնը, որտեղ անցկացվում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, 29-ը սեպտեմբերի, 2011թ.
Վարշավայում ընթացող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը կավարտվի ուրբաթ օրը` ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ:

Գագաթնաժողովի մասնակիցները գտնում են, որ Արեւելյան գործընկերությունը պետք է զգալիորեն ուժեղացվի, եւ պարտավորվում են ակտիվացնել դրա իրականացումը:

Թերեւս դա է պատճառը, որ մոտեցումն այսուհետ ընդհանուր չի լինի` վճռել են ծրագրին մաս կազմող 6 երկրներից յուրաքանչուրի հետ առանձին-առանձին աշխատել։

Այն երկրներին, որոնք ցանկանում են եւ ի վիճակի են ավելի խորը համագործակցություն սկսել ու աստիճանաբար ինտեգրվել Եվրամիության տնտեսությանը, կառաջարկվեն ասոցացման նոր համաձայնագրեր։

Նման համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը նաեւ որոշակի պարտավորություններ կստանձնի` բարեփոխումների իրականացման իմաստով։

Եվրամիության Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմին մաս կազմող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը վստահ է` ստանձնեց, կկատարի. - «Վստահ եմ, որ այն պարտավորությունները, որ կստանձնի Հայաստանը, կետ առ կետ կանի, իսկ այսօրվա դրությամբ դեռ բանակցություններ են տեղի ունենում»։

Բարեփոխումների դիմաց եվրոպացիները ետխորհրդային 6 երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի քաղաքացիներին կառաջարկեն առեւտրի ազատականացում, վիզային ռեժիմի դյուրացում։

Հայաստանը խնդիրներ ունի առեւտրի ազատականացման հետ։

Հայաստան ներկրվող ապրանքների մաքսայինարժեքը որոշելիս երկրի մաքսային մարմինները ղեկավարվում են ոչ թե ներկրողների ներկայացրած վճարային փաստաթղթերով, այլ իրենց կողմից հաստատված «հսկիչ գնացուցակներով»: Դա դուր չի գալիս եվրոպացիներին։

Թեւան Պողոսյանի գնահատմամբ` առեւտրի ազատականացումը հայաստանցիների համար դեռ ռեալ չէ. - «Ինձ չի թվում, թե Հայաստանին այդ համաձայնագիրը կառաջարկվի: Դեռ կան շատ խնդիրներ կոնկրետ կետերով բանակցելու եւ դրան հասնելու: Երեւի լավագույն դեպքում դա կառաջարկվի միայն Ուկրաինային, իսկ Հայաստանին երեւի կառաջարկվի ընդամենը այդ քաղաքական համաձայնագրի խնդիրը` ասոցացված պայմանագիր կնքելու, եւ մանդատ կտրվի, որ Հայաստանի հետ սկսվեն վիզաների հեշտացման եւ ազատականացման բանակցությունները: Դեռ ավելի առջեւում են վիզաների ազատականացման կամ հեշտացման խնդիրները»:

Հարցին, թե դա շա՞տ երկար կտեւի, Պողոսյանը պատասխանեց. - «Առեւտրային խնդիրները` միգուցե եւ այո, նույնիսկ իրենց գնահատականներով` սա տասնամյակների խնդիր է: Վիզաների խնդիրը` երեւի արագ կլուծվի, ասոցացման պայմանագիրն արագ կգնա»:

Հայաստանի իշխանությունների հետ եվրոպացիների վարած բանակցությունները փակ են եղել քաղաքացիական հասարակության համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը։

«Դժվարանում եմ ասել, թե էնտեղ ինչեր են իրենք նախագծում, նախագծելու եւ ինչի շուրջ են համաձայնության գալու, Հայաստանը ինչպիսի պարտավորություններ է ստանձնելու: Եվ ցավալին այն է, որ ինչի շուրջ որ համաձայնության եկան, դրանից հետո նոր մենք պիտի կարողանանք տեսնել այդ համաձայնագրի բովանդակությունը, հետո կկարողանանք հանգիստ խղճով կետ առ կետ անցնել, քննարկել, քննադատել, դրվատել կամ պարսավել», - ընդգծեց Բարսեղյանը։

«Գուցե էնտեղ իրենք կփորձեն շոկոլադային հատվածների վրա շեշտ դնել` եվրոպական վիզայի պարզեցման կամ մատչելիության հանգամանքների վրա ուռեցնել ամեն ինչ եւ դա ներկայացնել հայ ժողովրդին` որպես մեծագույն նվաճում: Իսկ մարդու հիմնարար իրավունքների զանգվածային ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել եւ տեղի են ունենում Հայաստանում` սրա մասով կփորձեն շրջանցել», - կարծիք հայտնեց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG