Մատչելիության հղումներ

Թուրքական բանկերը արձագանքել են ամերիկահայերի հայցին


Ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանից

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարում Ինջիրլիքի ռազմակայանից

Միացյալ Նահանգներում շարունակվում է տեղի հայերի դատական հայցի քննությունը ընդդեմ Թուրքիա պետության եւ թուրքական խոշոր բանկերի:

Ամերիկահայերի դատական հայցը վերաբերում է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ տեղահանումների, էթնիկ զտումների հետեւանքով հայերի կորցրած ունեցվածքին։

Անհատ քաղաքացիները, որոնք ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներն են, դիմել են ամերիկյան դատարան` Կալիֆորնիայի դաշնային դատարան, հայց ներկայացնելով Թուրքիայի եւ թուրքական բանկերի դեմ եւ պահանջելով փոխհատուցում իրենց ընտանիքի ունեցվածքի համար։

Հայցվորները 64 միլիոն դոլարի փոխհատուցում են պահանջում, նաեւ` գումարներ Թուրքիայի ստացած շահույթից։

Turkish Daily News-ը գրում է, որ սեպտեմբերի 19-ին Թուրքիայի կենտրոնական բանկը եւ պետության կողմից հիմնադրված Ziraat բանկը ամերիկահայերի հայցերի դեմ իրենց պատասխանն են ներկայացրել ամերիկյան դատական գործընթացին։ Բանկերը պատասխանել են, թե 1923 թվականին հիմնադրված Թուրքիայի հանրապետությունը չի կարող պատասխանատու լինել Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների համար։

Թեեւ ամերիկահայերը նաեւ Թուրքիա պետության դեմ են հայց ներկայացրել, Թուրքիայի կառավարությունը որեւէ բացատրություն չի ուղարկել դատարան։

Hurriyet Daily News-ը հարցազրույց է վերցրել հայցվորների փաստաբան Վարդգես Եղիայանից։ Նա էլեկտրոնային փոստով պատասխանել է թերթին` ընդգծելով, որ ունեցվածքի անօրինական բռնազավթման դիմաց փոխհատուցում պահանջելը միջազգային օրենքով հայցվորի օրինական իրավունքն է։ Փաստաբանը նշել է, որ փոխհատուցումը պետք է հաշվարկել ներկայիս շուկայական գներով, գումարած նաեւ շահույթի մի մասը։

Թուրքական թերթին Եղիայանը համառոտ եւ կոնկրետ ներկայացրել է հայցի բովանդակությունը։ Ըստ այդմ, Ռիտա Մահտեսյանը, Անաիս Հարությունյանը եւ Ալեքս Բաքալյանը հայց են ներկայացրել` պահանջելով 1915 թվականի իրադարձությունների ժամանակ բռնագրավված ունեցվածքը, որի գումարները փոխանցվել են թուրքական հիշյալ երկու բանկերին։ Հայցվորները պնդում են, որ Ադանայի մոտ ամերիկյան Ինջիրլիք ռազմաօդային բազան տեղակայված է իրենց ընտանիքից բռնագրավված հողատարածքների վրա, որը Թուրքիան վարձով է տվել եւ տասնամյակներով շահույթ է ստանում։

«Միջոցների օգտագործումից Թուրքիայի հանրապետության կառավարությունը շահույթներ է ստացել», - ընդգծել է Վարդգես Եղիայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG