Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հայերը դատական գործ են հարուցել թուրքական կառավարության եւ բանկերի դեմ


Ինջիրլիքի ռազմաբազան, որի տարածքը, ըստ հայցվորների, ժամանակին պատկանել է իրենց նախնիներին

Ինջիրլիքի ռազմաբազան, որի տարածքը, ըստ հայցվորների, ժամանակին պատկանել է իրենց նախնիներին

Օսմանյան կայսրության անկման ժամանակ իրենց ունեցվածքը կորցրած հայերի ժառանգները դատական գործ են հարուցել Թուրքիայի կառավարության եւ երկու թուրքական բանկերի դեմ` պահանջելով իրենց փոխհատուցել 63 միլիոն դոլար:

Ըստ երեք հայցվորների` Օսմանյան կայսրության ժամանակ իրենց հարազատների սեփականությունն է եղել 122 հեկտար կազմող այն տարածքը, որտեղ այժմ տեղակայված է Ինջիրլիքի ավիաբազան, որը Միացյալ Նահանգների ռազմավարական նշանակություն ունեցող բազաներից է:

Հենց այդ ռազմաբազան էր Թուրքիան սպառնում փակել, եթե Միացյալ Նահանգների Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Դատական հայցը ուղղվել է Լոս Անջելեսի շրջանային դատարան: Հայցը ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը, ում կինը հայցվորներից մեկն է եւ պնդում է, որ ունի բոլոր փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, թե իր ապուպապերը հարուստ հայ հողատերեր են եղել Թուրքիայում, սակայն ստիպված են եղել 1915 թվականին ընտանիքով փախչել Թուրքիայից` թողնելով իրենց տունը, հողը, սեփականությունը եւ ապահովագրական գործը:

44-էջանոց հայցը շարադրում է փաստերը այն մասին, թե ինչպես է հայցվորների նախնինիների ունեցվածքը խլվել եւ թե ինչպես են նրանք ցրվել ողջ աշխարհում` դառնալով փախստականներ:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայցվորների ընտանիքները ստիպված են եղել փախչել Օսմանյան կայսրությունից` ժամանակակից Թուրքիայի տարածքից, թողնելով իրենց սպանված հարազատներին, իրենց ողջ շարժական ու անշարժ գույքը», - ասված է հայցում:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինն ասում է, որ ո'չ ինքը եւ ո'չ էլ թուրքական դեսպանատան փաստաբանները չեն կարող մեկնաբանել հայցը, քանի որ դեռ այն չեն տեսել, սակայն նշել է. - «Սկզբունքորեն, մենք կարծում ենք, որ այդ հարցերը վաղուց լուծված են, եւ այդպիսի իրավական գործողությունները արդյունավետ չեն»:

Մինչդեռ Վարդգես Եղիայանը այն փաստաբանն է, ով մեկ տասնյակից ավելի դատական գործեր է հարուցել` կապված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքների հետ, եւ շահել է երկու ապահովագրական ընկերությունների դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների բազմամիլիոնանոց հայցը:

Այս հայցը, սակայն, ուղղված է ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ թուրքական կառավարության եւ երկու խոշորագույն ու ամենահին դրամատների դեմ, որոնցից մեկը Թուրքիայի կենտրոնական բանկն է:

Չեփմենի համալսարանի պրոֆեսոր, փաստաբան Մայքլ Բազիլերը ասում է, որ հայցը դատարան ներկայացնելու հնարավորությունը ստեղծվել է այս շաբաթ` այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի 9-րդ շրջանային դատարանը վերանայեց իր վճիռն ու որոշեց, որ Օսմանյան կայսրությունում սպանված հայերի ժառանգները կարող են փոխհատուցում ակնկալել իրենց հարազատներին ապահովագրած ընկերություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG