Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Շուրջօրյա հանրահավաքները ստեղծում են շատ լարված քաղաքական իրավիճակ»


Ազատության հրապարակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.

Ազատության հրապարակ, 1-ը հոկտեմբերի, 2011թ.

«Շուրջօրյա հանրահավաքները օբյեկտիվորեն ստեղծում են շատ լարված քաղաքական իրավիճակ Հայաստանում», - կիրակի երեկոյան Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա շարունակեց, թե իշխանությունները շուրջօրյա հանրահավաքները ընկալում են որպես քաղաքացիական անհնազանդություն «եւ ամբողջ աշխարհին հենց այդպես էլ ներկայացնում են»:

«Աշխարհը հասկանում է եւ ընդունում է, որ բողոքի ոչ բռնի ձեւերը, անգամ եթե պարունակում են քաղաքացիական անհնազանդության տարրեր, այնուամենայնիվ, ընդունելի են, եթե այդ անհնազանդությունը կամ այդ բողոքի ձեւերը կրում են բացարձակապես ոչ բռնի բնույթ։ Եվ մեր բոլոր գործողությունները հենց այդպիսի բնույթի են», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը։

Ուրբաթ օրը` սեպտեմբերի 30-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքից հետո Լեւոն Զուրաբյանը առկախված երկխոսությունը շարունակելու առաջարկով դիմել էր ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ձեւավորված իշխող կոալիցիայի աշխատանքային խմբին, ու այդ առաջարկը նա փոխանցել էր աշխատանքային խմբի անդամ, հանրապետական Գագիկ Մինասյանի միջոցով:

«Շատերն էնպես են հասկացել, որ իբր մենք կա´մ պահանջում ենք, կա´մ ցանկանում ենք, կա´մ պարտադրում նեք իշխանություններին երկխոսություն», - կիրակի օրվա հանրահավաքում նշեց Լեւոն Զուրաբյանը` ընդգծելով. - «Նման բան բացարձակապես չկա։ Հասկանալով, որ երկրում ստեղծվել է քաղաքական լարված իրավիճակ, մենք ուղղակի ասում ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման համար մենք ստեղծել ենք եւ պատրաստ ենք օգտագործել շփման երեք խողովակ»։

Նրա խոսքերով, այդ խողովակներն են` երկխոսության ֆորմատը իշխանությունների հետ, երկրորդը` Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթեւոսյանից, Ավետիս Ավագյանից ու իրենից ձեւավորված խումբը, որը պետք է բանակցություններ վարի Ոստիկանության հետ, եւ երրորդը` Կոնգրեսի կողմից լիազորված է Մանուշակ Պետրոսյանը, ով պետք է բանակցություններ վարի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ:

Հանրահավաքում ելութ ունեցողներից ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ շաբաթ օրը Ոստիկանության տարածած հայտարարությանը, որում ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները անօրինական են բնութագրված եւ նշված է, թե հասարակական կարգի խախտման պարագայում Ոստիկանությունը ձեռնամուխ կլինի «օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչեւ հավաքի ցրումը»:

Ըստ Ջհանգիրյանի, քանի որ Ոստիկանությանն ինքն է իր հայտարարության մեջ ընդունում, որ ՀԱԿ-ի հանրահավաքն ունի խաղաղ բնույթ, ուստի համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ դրույթի` Ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին եւ ոչ թե ցրել այն:

«Այսինքն, այն բոլոր դեպքերում, երբ մեր հավաքը` շուրջօրյա, տասժամյա, քսանչորսժամյա, եթե խաղաղ է, Ոստիկանությունը պարտավոր է` ոչ թե իրավունք ունի մտածել` անի, թե չէ, այլ պարտավո՛ր է աջակցել մեր հանրահավաքին», - հայտարարեց նա։

Ջհանգիրյանի խոսքով, եթե ներկայացվածից Ոստիկանությունը համապատասխան հետեւություն չանի, իրենք երկուշաբթի օրը կդիմեն Վարչական դատարան` բողոքարկելով Ոստիկանության գործողությունները:

Կիրակի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի եզրափակիչ մասում խոսեց նաեւ ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա միայն անդրադարձավ բնակչության կողմից ժամանակին խորհրդային «Խնայբանկում» պահ տրված ավանդների` պետության կողմից վերադարձման հարցին, քանի որ, ինչպես տեղեկացրեց Կոնգրեսի առաջնորդը, հանրահավաքի 579 մասնակիցներ իրեն դիմել են հարցի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու ակնկալիքով:

Տեր-Պետրոսյանը նախ «առասպել» բնութագրեց այն տեսակետը, որ խորհրդային «Խնայբանկի» ավանդները արդեն հետխորհրդային հանրապետություններում` այդ թվում նորանկախ Հայաստանի Հանրապետությունում, սառեցվել ու թալանվել են նոր` հետխորհրդային իշխանությունների կողմից: Ըստ ՀԱԿ-ի առաջնորդի` «Խնայբանկի» ավանդները սառեցվեցին դեռ 1991 թվականին` ԽՍՀՄ-ի գոյության ժամանակ, Խորհրդային Միության մինիստրների խորհրդի նախագահ Վալենտին Պավլովի որոշմամբ:

Թե ինչպես բնակչությանը պետք է վերադարձվեն այդ ավանդները, որոնք, Տեր-Պետրոսյանի խոսքերով, կազմում են մոտ 4.5 միլիարդ խորհրդային ռուբլի, Կոնգրեսի առաջնորդը առաջարկեց հետեւյալ մեխանիզմը. - «Բնակչության խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր` դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով»։

Քանի որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին` մինչեւ ռուբլու հայտնի ինֆլյացիան, մեկ ամերիկյան դոլարի շուկայական փոխարժեքը, ըստ Տեր-Պետրոսյանի, հինգ խորհրդային ռուբլի էր, ուստի ՀԱԿ-ի առաջնորդը առաջարկեց ավանդները մարել այդ փոխարժեքով: Այսինքն` պետությունը պետք է հարցը լուծելու համար առաջիկա տարիներին հատկացնի ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիարդ դոլար` ըստ նրա:

Ինչ վերաբերում է հաջորդ` երկուշաբթի օրվա հանրահավաքին, ապա հայտարարվեց, որ հանրահավաքից առաջ բոլորը` այդ թվում լրագրողները, կարող են գրավոր հարցեր հղել Տեր-Պետրոսյանին կամ ՀԱԿ-ի մյուս ներկայացուցիչներին, եւ հանրահավաքի ու հրապարակային ասուլիսի ժամանակ այդ հարցերին պատասխան կտրվի:

Երկուշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը փոխանցեց, որ գիշերվա ընթացքում Ազատության հրապարակում «ոչ մի միջադեպ չի գրանցվել, անցել է շատ խաղաղ, հանգիստ, լավ մթնոլորտում, մարդիկ զբաղված են եղել, գիշերվանից սկսած, հրապարակը մաքրելով»։

Ավագյանի վկայությամբ` ոստիկանների հետ որեւէ շփումներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG