Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը:

Շուրջօրյա հանրահավաքներ ու նստացույց սկսելու մասին որոշումը կայացվեց Կոնգրեսի ղեկավար կազմի խորհրդակցության արդյունքում` ընդառաջելով հանրահավաքի մասնակիցների ցանկությանը:

Հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքների եւ նստացույցի տեւողությունը սահմանել մեկ շաբաթ եւ իշխանությունների առջեւ դնել նույն պահանջները, որ Կոնգրեսի առաջնորդը հնչեցրել էր նախորդ հանրահավաքում:

ՀԱԿ-ի առաջնորդը կրկին հայտարարեց, որ իրենք «մաքսիմալիստ» չեն եւ պատրաստ են լրջորեն վերաբերվել իրենց առաջին 2 պահանջների վերաբերյալ « իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման »։ Այդ պահանջներն են՝ մինչեւ տարվա վերջ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում էական փոփոխությունների կատարումը:

«Ավելին` նկատի ունենալով, որ Տիգրան Առաքելյանը նամակով դիմել է մեզ` խնդրելով, որ իր ազատազրկումը խոչընդոտ չլինի երկխոսությունը շարունակելու համար, մենք պատրաստ ենք նաեւ թեկուզ վաղվանից շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ սկսել երկխոսություն իշխանությունների հետ», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` պարզաբանելով. - «Այսինքն` երկու պրոցես կարող է լինել. մեկը` այս հրապարակում, մյուսը` որեւէ այլ դահլիճում` երկխոսելով իշխանությունների հետ»:

«Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները»,- եզրափակեց ՀԱԿ առաջնորդը` շուրջօրյա հանրահավաքների բոլոր մասնակիցներից պահանջելով «երկաթյա կարգապահություն, բացառելով ինքնագործունեության որեւէ դրսեւորում»:

«Իշխանությունների վրա ճնշումներն ավելացնելու» իրենց որոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանը այսպես հիմնավորեց. - «Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր նախաձեռնությամբ` հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի հերթական գովասանագրին արժանանալու համար»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը միաժամանակ հավելեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը կարող է փոխվել միայն մեկ պարագայում` այն է. - «Եթե նա տեսնի, որ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվում իր երկրում տիրող խայտառակ վիճակը հանդուրժելու մտքի հետ, եւ միակամ ու վճռական է այդ վիճակը շուտափույթ կերպով փոխելու հարցում»:

«Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները»։

Ազատության հրապարակում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել: Գիշերվա ժամը 1:00-ի դրությամբ Կոնգրեսի առաջնորդը Ազատության հրապարակում էր:

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը առկախված երկխոսությունը շարունակելու առաջարկով դիմել է ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ձեւավորված իշխող կոալիցիայի աշխատանքային խմբին: Քանի որ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն այժմ Հայաստանից բացակայում է, Զուրաբյանը առաջարկը փոխանցել է աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի միջոցով:

Իշխանություններն առայժմ չեն արձագանքել առաջարկին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG