Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը ռուսաստանյան սցենարի կրկնությունը չեն տեսնում Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն համաձայնագիրը, 17 փետրվար, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն համաձայնագիրը, 17 փետրվար, 2011

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Ծառուկյանը մասնակցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին:

ԲՀԿ ղեկավարը առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Գալստյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ են քննարկել Ծառուկյանն ու Գրիզլովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-24-ը կայացած համագումարում «Եդինայա Ռոսիան» հայտարարեց Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրելու մասին: Հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը Ռուսաստանի իշխող կուսակցության համագումարին կարելի է դիտարկել որպես Վլադիմիր Պուտինին աջակցելու ժեստ, Գալստյանը հակադարձեց, որ Ծառուկյանը «Եդինայա Ռոսիա»-ի համագումարներին մասնակցում է 2008-ից ի վեր, երբ երկու կուսակցությունների միջեւ ստորագրվել է միջկուսակցական համագործակցության համաձայնագիրը: ԲՀԿ-ի ներկայացուցիչներն այստեղ որեւէ արտառոց բան չեն տեսնում:

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե նախագահի պաշտոնին Պուտինի վերադարձը ի՞նչ ազդեցություն կունենա հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա, եւ արդյո՞ք հնարավոր է ռուսաստանյան սցենարը կրկնությունը Հայաստանում, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքը նման միտումներ չի տեսնում:

«Միտումները ցույց են տալիս, որ նման բան չկա Հայաստանում», - ասաց Բոստանջյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է` նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո տեղը զիջի Ռոբերտ Քոչարյանին, ինչպես Դմիտրի Մեդվեդեւն է վարվում, պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի հավակնություններն ամրագրված են կոալիցիոն վերջին հուշագրում:

«Կա կոալիցիոն հուշագիր, որտեղ կոալիցիոն ուժերը պաշտպանել են նախագահի թեկնածությունը 2013 թվականին, եւ Հանրապետականը վճռական է, միակամ է, համախմբված է իրականացնելու եւ շարունակելու իր բարեփոխումները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Վե'րջ», - ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է մինչեւ տարվեվերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի պահանջին, որը հնչեցվեց ՀԱԿ վերջին հանրահավաքում, իշխող կուսակցության խոսնակը դա «քաղաքական հնարք» որակեց` հայտարարելով, որ ընդդիմադիր ուժը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրազանգվածին գրավելու խնդիր է փորձում լուծել:

«Չորս տարի է այդ պահանջն է… նո՞ր է… մի քանի ամսից մեզ մոտ կսկսվի նախընտրական պայքար, եւ թե' ՀԱԿ-ը թե' մյուս քաղաքական ուժերը խնդիր ունեն ավելի ռադիկալ կոչերով հանդես գալու, որպեսզի ընտրություններին ընդառաջ շահեն էլեկտորատի ձայները», - ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդը, վերջին հանրահավաքում հանդես գալով ութ պահանջներով, միաժամանակ հայտարարեց, որ քանի որ առավել դժվար է մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրությունների անցկացման եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների պահանջների կատարումը, ուստի ՀԱԿ-ը մաքսիմալիստ չէ եւ պատրաստ է լրջորեն վերաբերվել այս առիթով իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իշխանությունները կառաջարկեն որեւէ փոխզիջում, Շարմազանովը պատասխանեց, որ եթե ՀԱԿ-ը փոխզիջման պատրաստ լիներ, չէր դադարեցնի երկխոսությունը:

«Երկխոսության վիժեցումը ամբողջովին ՀԱԿ-ի խղճի վրա է, որովհետեւ երկու քաղաքական ուժերը կլոր սեղանի շուրջ արդեն առիթ ունեցել են իրենց կարծիքները փոխանակելու, եւ իշխանության խումբը լսեց ՀԱԿ-ի մեր գործընկերների հիմնավորումները: Երբ որ հերթը հասավ մեր հիմնավորումներին, կեսը լսեցին, մյուս կեսը չլսեցին: Իսկ եթե դու պատրաստ չես լսելու, դու նաեւ պատրաստ չես ճիշտ գործելու: Եթե իրենք լրջորեն մոտենային, ապա բանակցությունները կիսատ չէին թողնի եւ կլսեին իշխանությունների հիմնավորումները, թե ինչու մեր երկրում չկա արտահերթ ընտրությունների անցկացման իրավական եւ քաղաքական հիմք: Կոմպրոմիսներն ու ուլտիմատումները տարբեր բաներ են», - ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` առավել հաճախակի եւ մարդաշատ ակցիաների միջոցով իշխանությունների վրա ճնշումներ ուժեղացնելու մասին հայտարարություններին, ապա Շարմազանովը ասաց. - «Թող բոլորը իրենց մտքից հանեն, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել բախումներ: Որեւէ մեկը մեր երկրում չի կարող հասարակությանը տանել քաղաքական բախումների»:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրատեսական չհամարեց ոչ արտահերթ ընտրությունների, ոչ էլ ժողովրդական հուզումների սցենարը: Նրա կարծիքով` ՀԱԿ-ը այսօր հայտնվել է փակուղում, իսկ իշխանությունները «երկխոսության պատրաստակամության» իմիտացիայով լուծել են իրենց վերարտադրության խնդիրը:

«ՀԱԿ-ը հայտնվում է բավականին անորոշ մի դաշտի մեջ, որտեղ քայլ անելը դժվար է, որովհետեւ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հեղափոխությունից եւ հեղափոխականությունից: Ետ քայլը կնշանակի փչացնել հարաբերությունները եվրոպական թեւի հետ, առաջ շարժվել հնարավոր չէ, որովհետեւ նրա պահանջը չի ընդունվում իշխանության կողմից: Բայց փաստացի Սերժ Սարգսյանին հաջողվեց այդ իմիտացիաների միջոցով դառնալ ցանկալի, շահեկան, ընդունելի դրսի համար: Իշխանությունը ժողովրդի մատից փուշն էլ չի հանում եւ զբաղված է ընդամենը 2012-2013 թվականների ընտրություններով եւ վերարտադրությամբ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով ռուսաստանյան սցենարի կրկնության եւ Քոչարյանի վերադարձի հնարավորությանը` Սաֆարյանը ասաց. - «Դա մեծապես կախված կլինի 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, թե որ նախագահը ինչ հարաբերակցությամբ ձայներ կզբաղեցնի իր էպիգոն ուժերով խորհրդարանում, այդ դեպքում հնարավոր կլինի խոսել: Այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որեւէ լուրջ հիմք ռուսաստանյան մոդելի` Հայաստանում կրկնվելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG