Մատչելիության հղումներ

Կոալիցիոն նոր հուշագիրը ստորագրվեց


ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հինգշաբթի օրը նախագահական նստավայրում ստորագրեցին կոալիցիոն նոր հուշագիր, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի:

Կոալիցիոն կուսակցությունները նաեւ նշում են, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:

Կոալիցիոն հուշագրի ստորագրման շուրջ հիմնական ինտրիգը վերաբերում էր 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու խնդրին: «Օրինաց երկիր» կուսակցությունը արդեն իսկ հայտարարել է գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին, մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմանում էր դրան` պնդելով, որ կուսակցությունը նախագահի թեկնածուի մասին որոշում կկայացնի 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Այսօր, սակայն, ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջապես հայտարարեց, որ 2013-ի նախագահական ընտրություններում կստարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Քանի որ երկիրը ծանր խնդիրների առաջ ծառացած է, այսօր ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ ռազմական, իսկ երկրի նախագահը, որը պետք է բանակցություններ վարի Աստանայում, Մոսկվայում, Ամերիկայում, հարկավոր է, որ ինքը իր հզորությունը զգա, պինդ լինի, որ կարողանա լիարժեք բանակցություն վարի, խնդիրները լուծի ի օգուտ երկրի, ժողովրդի», - լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը` բխեցնելով. - «Դրա համար մենք այսօր ասում ենք` խորհրդարանական ընտրություններից հետո գնալու ենք միասնական թեկնածուով` ի դեմս երկրի գործող նախագահի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարիք կար նախագահական ընտրություններից 2 տարի առաջ պայմանավորվել, որ կոալիցիան սատարելու է Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե տնտեսական ճգնաժամը, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի հետ կապված զարգացումները անհրաժեշտություն են ստեղծել նոր հայտարարություն ձեւավորել, որպեսզի նոր մարտահրավերներին ընդառաջ` կոալիցիոն ուժերը վերահաստատեն իրենց միասնականությունը:

Ընդդիմությունը տարբեր կերպ է արձագանքում


Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունն առայժմ ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանություն անել, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կոալիցիոն նոր համաձայնագիրը անվանեց «հպատակության հուշագիր»:

«Այդ հուշագրում ամենաայլանդակը համարում եմ այն, որ դա գրեթե հայտարարություն է ապագա խորհրդարանական ընտրությունները կեղծելու մասին, որովհետեւ անպատկերացնելի է, երբ խորհրդարանական ընտրություններից 1 տարի առաջ հայտարարում են, որ Հանրապետականը խորհրդարանում առաջին տեղում է լինելու, երկրորդը լինելու է Բարգավաճը, երրորդը` «Օրինաց երկիրը»: Սա նշանակում է ուղղակի հենց այսօր հրահանգ տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ նրանք կեղծեն ընտրությունները այնպես, որ համապատասխանի կոալիցիոն հուշագրի տառին եւ ոգուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ էլ` այս հուշագիրը ցույց տվեց, որ իշխանության համար ընթացող Սարգսյան – Քոչարյան պայքարում հաղթեց Սերժ Սարգսյանը` զրոյացնելով 2013-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելու շանսերը:

«Այսօր իշխանության լծակները գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում, եւ նա կարող է ցանկացած տիպի պատժամիջոցներ կիրառել ե՛ւ Ծառուկյանի, եւ իր` «Բարգավաճ Հայաստան»-ում գտնվող ցանկացած կուսակցի նկատմամբ: Այսինքն` նրանք ուղղակի փրկում են իրենց բիզնեսները, մտածում են իրենց անվտանգության մասին», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG