Մատչելիության հղումներ

Նախկին ազատամարտիկը մեղադրվում է խարդախության մեջ


Նախկին ազատամարտիկ Ժորա Աթոյանն ու իր փաստաբանը դատարանի դահլիճում: 14-ը սեպտեմբերի, 2011թ.
Նախկին ազատամարտիկ Ժորա Աթոյանն ու իր փաստաբանը դատարանի դահլիճում: 14-ը սեպտեմբերի, 2011թ.

Գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը, ով մեղադրվում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու եւ խարդախության մեջ, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում:

Ըստ քրեական գործի, Աթոյանը 2005-2010 թվականների ընթացքում, օգտագործելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին կեղծ փաստաթղթեր, ստացել է զինվորական կենսաթոշակ եւ պետական անհատույց աջակցություն` պետությանը հասցնելով ընդհանուր առմամբ 8 միլիոն 733 հազար դրամի վնաս:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ժորա Աթոյանը այսօր հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, քանի որ ինքը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ է:

«Եթե ես ազատամարտիկ եմ ու ինչ-որ տեղ քաղաքական այլ հայացքներ ունեմ կամ ընդդիմադիր եմ, քաղաքացիական իմ դիրքորոշումն այլ է, դա չի նշանակում, որ ազատամարտիկին կարելի է այդ աստիճան սեւացնել», - դատարանի դահլիճում ասաց նա` հայտարարելով. - «Այս ամենը իմ երեք տարվա քաղաքական գործունեության արդյունք է»:

Մեղադրող կողմը ներկայացնող զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը հակադարձեց. - «Որեւէ քաղաքական ենթատեքստ այս քրեական գործում չկա: Մեր նպատակն է, որպեսզի մարտական գործողությունների մասնակցի անունը չպախարակվի»:

Մեղադրող կողմը պնդում է, որ ազատամարտիկի ներկայացրած` 1994 թվականին մարտական դիրքերում վիրավորված լինելու մասին փաստաթղթերը կեղծ են եղել. - «Երբ 94 թվականին մարտական դաշտից նա տեղափոխվել էր հիվանդանոց, նա ընդունվել էր այլ դիագնոզով, որը կապ չունի ընդհանրապես բեկորային կամ այլ վիրավորման հետ: Իսկ 2005 թվականին այլ դիագնոզի պատրվակով նա ձեւակերպվել է որպես թոշակառու, հաշմանդամ եւ պետությունից ստացել 8 միլիոնից ավելի գումար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է վիրավորվելուց 9 տարի անց միայն որոշել անցնել թոշակի, Աթոյանը պատասխանեց. - «Ես 2004 թվականին ծանր ինֆարկ տարա, բացարձակ անաշխատունակ էի դարձել: Բնականաբար, թոշակավորվեցի եւ զինվորական տարիներ ձեռք բերած վիրավորվածության մասին ունեի այդ հիմքերը, փաստերը, փաստաթղթերը, էպիկրիզները»:

Դատական նիստում այսօր հարցաքննվեցին վկաներին: Նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 19-ը:

Այս տարվա հուլիսին, հիշեցնենք, գյումրեցի նախկին ազատամարտիկներ Հրաչյա Ավետիսյանը եւ Սուսաննա Պետրոսյանը նույն մեղադրանքով դատապարտվեցին համապատասխանաբար 3 տարվա պայմանական ազատազրկման եւ 3 տարվա ազատազրկման:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG