Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը չորեքշաբթի օրը հրապարակեց խարդախության եւ փաստաթղերի կեղծման մեջ մեղադրվող գյումրեցի ազատամարտիկներ Հրաչյա Ավետիսյանի եւ Սուսաննա Պետրոսյանի վերաբերյալ վճիռը, որով երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին:

Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները փաստաթղթեր են կեղծել, թե 2-րդ կարգի հաշմանդամությունը ձեռք են բերել ղարաբաղյան պատերազմում ռազմական գործողությունների հետեւանքով եւ մի քանի տարի շարունակ զինվորական թոշակ են ստացել: Սուսաննա Պետրոսյանը նաեւ բնակարանի փոխհատուցման ծրագրից է օգտվել:

Դատարանում ամբաստանյալները իրենց մեղավոր էին ճանաչել եւ դատարանից արագացված քննություն պահանջել:

Դատարանը որոշեց Ավետիսյանին դատապարտել պայմանական 3 տարվա ազատազրկման, իսկ Պետրոսյանին` 4 տարվա ազատազրկման: Դատարանը Պետրոսյանի նկատամամբ համաներում կիրառեց, եւ նրա պատիժը կրճատվեց ¼-րդ մասով` հասնելով 3 տարվա ազատազրկման:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ավետիսյանի եւ Պետրոսյանի դատապաշտպան Թամարա Յայլոյանը, իրենք պատրաստվում են բողոքարկել Պետրոսյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանում:

Յայլոյանի հավաստմամբ` Պետրոսյանը որպես բուժքույր մասնակցել է մարտական գործողություններին, իսկ Ավետիսյանը զինմթերք է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG