Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Աֆղանստանից պահանջում է պարզել Իլ-76-ի աղետի հանգամանքները


Իլ-76 օդանավը

Իլ-76 օդանավը

Ադրբեջանը Աֆղանստանի իշխանություններից պահանջում է պարզել այդ երկրում ադրբեջանական ավիաընկերությանը պատկանող բեռնատար օդանավի կործանման հանգամանքները:

Silk Way ավիաընկերության տնօրենի խորհրդական Ադիլ Գասիմովը երեքշաբթի օրը «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է, որ միջազգային կոնվենցիաների համաձայն` հետաքննությունը անցկացնում է այն երկիրը, որտեղ օդանավը աղետի է ենթարկվել:

Երկուշաբթի օրը Աֆղանստանը հայտնել էր, թե հայտնաբերվել է «սեւ արկղերից» մեկը: Ադրբեջանը առաջարկել է դրա ձայնագրությունները ուսումնասիրել Մոսկվայում, որտեղ համապատասխան հնարավորություններ, սարքավորումներ կան, բացի այդ` հաշվի առնելով նաեւ, որ օդանավը ռուսական արտադրության է:

Հուլիսի 5-ին Աֆղանստանում վայր ընկած Իլ-76 բեռնատար օդանավի անձնակազմի 9 անդամներից 5-ը Ադրբեջանի քաղաքացի են, մյուսները` Ուզբեկստանի:

Բաքու - Բագրամ չվերթ կատարող օդանավում 18 տոննա բեռ կար:

Օդանավի կործանման պատճառներն ուսումնասիրող ադրբեջանական հանձնաժողովը առաջնային տարբերակներից մեկը համարում է այն, որ ինքնաթիռին խփել են թալիբները. այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանձնաժողովի նախագահը:

Օդանավը պատրաստվել էր 2005 թվականին, այս տարվա փետրվարին տեխնիկական ամբողջական ստուգում էր անցել:

Ադրբեջանական կողմը արդեն երկու նոտա է հղել Աֆղանստանի արտգործնախարարությանը` խնդրելով օժանդակել զոհված օդաչուների մարմինների տեղափոխմանը:

Քաբուլ մեկնած ադրբեջանական հանձնաժողովի անդամները մինչեւ հիմա չեն կարողացել հասնել օդանավի կործանման վայրը` այդ շրջանում տիրող բարդ իրավիճակի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG