Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ադրբեջանական օդանավ է կործանվել


Աֆղանստանում` մայրաքաղաք Քաբուլից հյուսիս գտնվող Փարվանդ գավառում, երեկ երեկոյան կործանվել է ադրբեջանական Silk Way բեռնափոխադրող ընկերության տրանսպորտային օդանավը:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Փարվանդ գավառի Սիյահ Հերդ շրջանի ղեկավար Աբդուլհալիմ Մուջադադին, տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում օդանավը բախվել է լեռանը եւ հրդեհվել: Աֆղանստանցի պաշտոնյայի վկայությամբ` զոհվել են օդանավի անձնակազմի բոլոր անդամները:

Աֆղանստանի օդային տարածքի կառավարման ծառայության տվյալներով` Բաղրամ օդանավակայանում վայրէջքի պատրաստվող ինքնաթիռի հետ հետ կապը խզվել է հանկարծակի, այն անհետացել է ռադարներից, եւ օդանավի թռիչքը կառավարող դիսպետչերը հայտնել է իր տեսած բռնկման մասին: Քանի որ մինչ այդ պահը օդանավի անձնակազմը չէր հաղորդել որեւէ անսարքության կամ վթարային իրավիճակի մասին, ենթադրվում է, որ ինքնաթիռը օդում անհայտ օբյեկտի է բախվել:

Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի (ISAF) պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Ջեյմսը «Թրենդ»-ին հայտնել է, որ ադրբեջանական օդանավը պայմանագրով աշխատում էր ISAF-ի հետ:

Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով` Բաքվից թռիչք կատարած օդանավում եղել են անձնակազմի 9 անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG