Մատչելիության հղումներ

Հայաստանի օդուժը կարող է խնդիրներ լուծել «հակառակորդի խորը թիկունքում»


Սու-47 օդանավը թռիչքի պահին
Սու-47 օդանավը թռիչքի պահին
Հայաստանի օդուժը պատրաստ է կետային հարվածներ հասցնել թշնամու ցանկացած թիրախին: Այդ մասին հայտարարեց Հայաստանի զինված ուժերի ավիացիայի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այս 19 տարվա ընթացքում անցել ենք մարտական պատրաստության շատ բարդ գործընթաց: Ի տարբերություն այն ժամանակվա, եթե միայն կարողանում էինք պարզ օդերեւութաբանական պայմաններում կատարել թռիչքներ, այս պահի դրությամբ մեր օդաչուները կարող են մարտական խնդիրներ կատարել գիշերը` պարզ թե բարդ, եւ ցերեկը` պարզ թե բարդ օդերեւութաբանական պայմաններում», - ասաց Մկրտչյանը` մանրամասնելով. - «Այսինքն, եթե պետք է խնդիր կատարել, ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ, մեր օդաչուները, ելնելով իրենց թռիչքային պատրաստվածության մակարդակից, պատրաստ են ցանկացած գործողությունների»:

Հայաստանի օդուժի հրամանատարի տեղակալը շարունակեց, թե «ներկրվել են որոշակի զինատեսակներ` ավիացիոն խոցման միջոցներ` բավականին բարդ եւ ճշգրիտ», իսկ հայ օդաչուներն էլ անցել են դրանց կիրառման համար անհրաժեշտ պատրաստվածության բոլոր փուլերը: «Եվ մենք պատրաստ ենք, ոնց որ զարգացած երկրները, ՆԱՏՕ-ական մի քանի այլ երկրներ, կատարել նույն այդ [կետային հարվածները]` հարվածներ թշնամու ցանկացած միջոցներին, տնտեսական կառույցներին եւ այլն», - ասաց գնդապետը:

Դեռ անցած օգոստոսին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա:

Օհանյանի հայտարարությունից մի քանի ամիս անց` դեկտեմբերին, Հայաստանը պաշտոնապես խոստովանեց, որ իր Զինված ուժերը հագեցած են հակաօդային պաշտպանության ռուսական S-300 զենիթահրթիռային համակարգով:

Այս տարվա փետրվարին պաշտպանության նախարարը կրկին անդրադարձավ Հայաստանի Զինված ուժերի համար սպառազինության ձեռք բերմանը` այն գնահատելով աննախադեպ, եւ ընդգծեց. - «2011-ին մեր մարտական կարողությունների ընդլայնումը լինելու է շարունակական, ոչ քիչ, քան 2010 թվականին»:

Տասն օր առաջ էլ պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները փոխանցեցին, թե Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ ունեն ռուսական «Սմերչ» տիպի համազարկային ռեակտիվ համակարգեր, որոնց հարվածների հեռահարությունը մինչեւ 90 կիլոմետր է:

Շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ գնդապետ Արմեն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս Հայաստանի օդուժն ունի ավելի շատ հարձակողական, քան պաշտպանական ուղղվածություն:

«Այսինքն, մեր մոտ գրոհային ավիացիան [ռմբակոծիչները, որոնք օդից գետին կռվի համար են] է զարգացած այս պահի դրությամբ, եւ բանակային ավիացիան [ուղղաթիռները, որոնք զորքին աջակցում են հենց կռվի դաշտում, անմիջական աջակցման համար են]», - նշեց նա:

Մկրտչյանի հավաստմամբ` այսօր Հայաստանի օդուժի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս «խնդիրներ լուծել հակառակորդի խորը թիկունքում». - «Այդ տեխնիկան թույլ է տալիս մինչեւ օպերատիվ խորությամբ [մոտավորապես 250-350 կիլոմետր] խնդիրներ կատարել: Այսինքն, կարող է պատերազմ վարվել մեր` Հայաստանի սահմանների մոտ, իսկ մեր ավիացիան արդեն խնդիրներ կատարի թշնամու, հակառակորդի խորը թիկունքում: Ցանկացած երկրների մարտավարությունը, առաջին հերթին, պատերազմը սկսելուն եւեթ` ավիացիան սկսում է կատարել խորքում խնդիրներ, թուլացնելով թշնամու թե' տնտեսական ներուժը, թե' ճանապարհները փակել, թե' թիկունքում իրենց ռեզերվները ոչնչացնել: Բնականաբար, մենք էլ նույնատիպ խնդիրներ ունենք, եւ պլանավորումը, եթե թշնամու կամ հակառակորդի ազդեցություն կլինի, նմանատիպ գործողությունների էլ կդիմենք նաեւ մենք»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե վերջին շրջանում շատ է խոսվում Ադրբեջանի կողմից ձեռք բերված անօդաչու թռչող սարքերի մասին, Հայաստանի օդուժի հրամանատարի տեղակալը ասաց, որ հայկական կողմը նույնպես ունի նման սարքեր, ընդ որում` արդեն տեղական արտադրության:

«Մենք ունենք բավականին լուրջ, նույնիսկ օպերատիվ խորքի համար խնդիրներ կատարող անօդաչու սարքեր` հայկական արտադրության: Բայց եւ ընթացքում չենք բացառում նաեւ արտասահմանյան արտադրությանը ձեռք բերելը, նույնիսկ` համեմատության համար. չէ որ լավն ու վատը տարբերվում են համեմատության միջոցով», - ասաց Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական օդուժին, ապա ասուլիսին մասնակցող ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ այն ուռճացված է ներկայացվում, եւ դա արվում է PR-ի համար:

«Երկու կողմերն էլ շատ լավ գիտակցում են, որ երկու պետության օդուժը նախատեսված չէ իրար դեմ կռվելու համար` նախատեսված է իրենց զորքերի խնդիրները լուծելուն աջակցելու համար: Եվ ես կարող եմ որպես փորձագետ փաստել, որ իրենց օդուժը իրենց առաջ դրված խնդիրների համար չի համապատասխանում, ավելին` նա PR-ի համար ստեղծված օդուժ է», - ասաց փորձագետը եւ շարունակեց. - «Այնպիսի ինքնաթիռների տեսակներ կան, որ մեկը մյուսին իբր փոխլրացնում են, բայց լրիվ ավելորդ «ճոխություն» են: Իրենք չունեն այդ տարածաշրջանում, լեռնային պայմաններում այդ տեխնիկան օգտագործելու եւ այդ խնդիրները լուծելու փորձ, որը պետությունները, գերտերությունները տարիներով են զարգացնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG