Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանյան «Военно-промышленный курьер» («Ռազմա-արդյունաբերական բանբեր») պարբերականի փոխանցմամբ` Հայաստանը հետաքրքրված է «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգերի ձեռք բերմամբ:

Այդ մասին պարբերականին փոխանցել է «Ռոսօբորոնէկսպորտ»
ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:

Վերջինս հայտնել է, որ այս մայիսի 24-27-ը Մինսկում կայացած զենքերի ու ռազմական տեխնիկայի միջազգային MILEX-2011 ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան տաղավար են այցելել այդ թվում Հայաստանի ներկայացուցիչները:

«Դրանք սոսկ քաղաքավարության այցեր չէին, մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր», - ասել է Դիմիդյուկը:

«Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրենի ներկայացմամբ` Հայաստանի ու Ղազախստանի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած «հետաքրքիր բանակցությունների» ժամանակ վերջիններս հետաքրքվել են սեփական սպառազինությունների արդիականացմամբ, ինչպես նաեւ «Սմերչ» տիպի համազարկային ռեակտիվ համակարգերով:

«Այսքան սերտորեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հետ նախկինում մենք չենք համագործակցել», - ընդգծել է Նիկոլայ Դիմիդյուկը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ձեռք բերել «Սմերչ» տիպի համակարգեր, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշեց. - «Հայաստանի զինված ուժերը մշտապես համալրվում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինությամբ: Կցանկանայի զերծ մնալ «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության ներկայացուցչի խոսքերը մեկնաբանելուց, իսկ Հայաստանի զինված ուժերի կարիքների համար սպառազինության գնումների վերաբերյալ մանրամասներ հաղորդելը նպատակահարմար չէ»:

Միեւնույն ժամանակ, ըստ պաշտպանության նախարարությունում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ ունեն «Սմերչ» տիպի համազարկային ռեակտիվ համակարգեր:

ՙ«Սմերչ» տիպի համակարգերը կարող են հարվածներ հասցնել 20-90 կիլոմետր հեռավորության վրա եւ իրենց տեսակի մեջ համարվում են աշխարհում ամենահզորը: Ըստ որոշ տեղեկությունների` Ադրբեջանը ունի 12 հատ «Սմերչ»: Համակարգերի արտահանման գինը կազմում է մոտ 12 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG